19:05  ,  25 մայիսի, 2021

ՀՖՖ․ Հավաքականի կազմը որոշում է բացառապես գլխավոր մարզիչը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ․

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խստորեն դատապարտում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կողմից կազմի հրապարակումից հետո սկսված քաղաքական շահարկումները:

Մայիսի 24-ին ՀՖՖ պաշտոնական կայքում հրապարակվեց Հայաստանի ազգային հավաքականի՝ առաջիկա հանդիպումների համար նախապատրաստվող ֆուտբոլիստների հայտացուցակը: Դրանից հետո հանրության որոշ շրջանակներում սկսվեցին կազմի ընտրության վերաբերյալ տարատեսակ շահարկումներ, որոնք ակնհայտորեն պարունակում են քաղաքական ենթատեքստ և կրում են պատվիրված բնույթ:

Նշենք, որ տևական ժամանակ է՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որդեգրել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի որոշումներին, մասնավորապես, կազմի ընտրությանը չմիջամտելու քաղաքականություն: Հավաքականի կազմը որոշում է բացառապես գլխավոր մարզիչը՝ ելնելով առաջիկա հանդիպումների համար իր ընտրած մարտավարությունից կամ նպատակներից:

Խոակին Կապառոսի՝ գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվելուց հետո՝ ազգային հավաքականի հերթական խաղից առաջ, կրկին փորձ է արվում բացասաբար ազդել ազգային հավաքականում տիրող հիանալի մթնոլորտի վրա: Ուստի, ևս մեկ անգամ ստիպված ենք կոչ անել զերծ մնալ քաղաքական շահարկումներից»,- նշվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար անակնկալ է եղել Կապառոսի գլխավորած ազգային թիմից հրավեր չստանալը Խորվաթիայի եւ Շվեդիայի հավաքականների հետ առաջիկա ընկերական խաղերին։ Այդ մասին Մխիթարյանը գրառում էր արել ֆեյսբուքյան էջում։

«Ի զարմանս ինձ, Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբից տեղեկացվեցի, որ ինչ-ինչ պատճառներով հրավիրված չեմ առաջիկա ընկերական խաղերին: Պաշտոնական հիմնավորումներն ինձ համար համոզիչ չեն: Այնուամենայնիվ, ես կանգնած եմ մեր տղաների կողքին եւ լավագույնն եմ մաղթում առաջիկա խաղերում»,- գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը հունիսին անցկացնելու է 2 ընկերական հանդիպում: Հունիսի 1-ին՝ ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով)՝ Վելիկա Գորիցայի Քաղաքային ստադիոնում, կկայանա Խորվաթիա - Հայաստան, իսկ հունիսի 5-ին՝ ժամը 22։45-ին՝  Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում՝ Շվեդիա - Հայաստան ընկերական հանդիպումը:

Հայաստանի հավաքական

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո – «Ալաշկերտ»

Գրիգոր Մելիքսեթյան – «Արարատ»

Արման Ներսեսյան – ԲԿՄԱ

Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)

Վարազդատ Հարոյան – «Աստանա» (Ղազախստան)

Անդրե Չալըշըր – «Ապոլոն Սմիրնիս» (Հունաստան)

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Հակոբ Հակոբյան «Ուրարտու»

Ալբերտ Խաչումյան – «Արարատ-Արմենիա»

Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ

Գևորգ Ղազարյան - «Լամիա» (Հունաստան)

Տիգրան Բարսեղյան - «Աստանա» (Ղազախստան)

Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա)

Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Էդուարդ Սպերցյան «Կրասնոդար» (Ռուսաստան)

Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»

Կարեն Մուրադյան - «Արարատ»

Անգուլո Վբեյմար - «Արարատ-Արմենիա»

Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ

Դավիդ Դավիդյան - «Ալաշկերտ»

Հարձակվողներ

Սարգիս Ադամյան - «Հոֆենհայմ» (Գերմանիա)

Արթուր Միրանյան - «Ուրարտու»  

Կարեն Մելքոնյան -  «Ուրարտու»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում