15:27  ,  24 ապրիլի, 2021

Հենրիխ Մխիթարյանի և Լևոն Արոնյանի անդրադարձը Հայոց ցեղասպանության տարելիցին

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերում գրառում է կատարել և անդրադարձել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին:

«Ես հայ եմ ու հպարտ եմ դրանով։ Ես գիտեմ, թե ինչ է նշանակում ապրիլի 24: Բավական է: Ճանաչեք Հայոց ցեղասպանությունը և 1.5 միլիոն սպանվածների կյանքերը»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը:

32-ամյա ֆուտբոլիստը հրապարակել է նաև տեսանյութ, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Շնորհակալություն բոլոր երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»:

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը նույնպես հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

«Ամեն տարի Հայոց ցեղասպանության օրը ես հիշում եմ մեր հերոսների մասին, որոնք երբեք չեն հանձնվել մեր ազգի պահպանման համար պայքարում: Նրանց ինքնազոհությունն ու նվիրվածությունն ունեն մեկ նպատակ: Մեզ համար միամտություն է մտածել, որ Թուրքիան ու նրա ընկերները, որոնք երբեք չեն ընդունել վայրագությունները, երբևէ կանեն դա: 2020-ին նրանք Արցախյան պատերազմում ապացուցեցին, որ կօգտագործեն հայերին սպանելու բոլոր հնարավորությունները: Սակայն պատմությունը մեծագույն ուսուցիչ է: Ես վստահ եմ, որ ինչպես իմ ազգը 1918-ին միավորվեց Ցեղասպանությունից հետո՝ դիմակայելով անկուշտ թշնամիներին ու ստեղծելով ուժեղ պետություն, կկրկնի դա նորից:

Տեսնելով վիրավոր ու սպանված Հայաստանը՝ Կոմիտասը գրել է «Անտունի» երգը: Խոսքը սրտի մասին է, որը հիշեցնում է ավերված տներ և որը տեղ չունի այս աշխարհում: Այսօր ես զգում եմ այդ ցավը և ապրում եմ երախտապարտությամբ այն մարդկանց հանդեպ, ոքվեր օգնել են մեզ: Աղոթում ու հավատում եմ մեր ապագայի համար: Աստված պահպանի Հայաստանն ու հայերին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Լևոն Արոնյանը և հրապարակել  հայ երգահան Կոմիտասի «Անտուն» ստեղծագծությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English