12:50  ,  15 մարտի, 2021

Ֆյոդոր Եմելյանենկո. Մուսասին այն մարտիկը չէ, որը կարող է խնդիրներ ստեղծել Տոկովի համար

Խառը մենամարտերի ռուսաստանցի լեգենդար մարզիկ Ֆյոդոր Եմելյանենկոն անդրադարձել է Bellator-ի միջին քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճած Գեղարդ Մուսասիին: Ավելի վաղ լուրեր են շրջանառվում, որ 35-ամյա Մուսասիի հաջորդ մրցակիցը կլինի Եմելյանենկոյի թիմի անդամ ռուս Անատոլի Տոկովը:

«Ես Անատոլիին կպատրաստեմ այդ մենամարտին: Նրա հետ արդեն զրուցել ենք այդ հարցով: Ես գերբնական ոչինչ չեմ տեսնում Մուսասիի մեջ: Դա այն մարտիկը չէ, որը կարող է որևէ մրցակցություն ցուցադրել Անատոլիին կամ խնդիրներ ստեղծել նրա համար: Այո, նա ունի ուժեղ կողմեր: Սակայն Մուսասին կարող է շատ լավ անցկացնել մեկ մենամարտ, իսկ հաջորդում ձախողվել: Սակայն, եթե նույնիսկ նայենք լավագույն մենամարտերով, կարծում եմ՝ Անատոլին նրանից բարձր է մակարդակով, տաղանդով ու բոլոր ցուցանիշներով»,- Ֆյոդոր Եմելյանենկոյի խոսքը մեջբերում է «Okko Спорт»-ը:

Հիշեցնենք, որ Գեղարդ Մուսասին նախորդ մենամարտն անցկացրել է 2020 թվականի հոկտեմբերի 29-ին, երբ միավորներով հաղթել էր բրազիլացի Դուգլաս Լիմային: Վիճարկվել էր Bellator-ի միջին քաշային կարգի չեմպիոնական գոտին, որը թափուր էր ամերիկացի Ռաֆայել Լովատոյի՝ կարիերան ավարտելուց հետո:

31-ամյա Անատոլի Տոկովը Bellator-ում տարել է 5 անընդմեջ հաղթանակ: MMA-ում նա անցկացրել է 32 մենամարտ, տարել 29 հաղթանակ ու կրել 3 պարտություն: Ռուս մարտիկը նախորդ մենամարտն անցկացրել է 2019-ի հոկտեմբերին՝ տեխնիկական նոկաուտով հաղթելով Հայաստանի ներկայացուցիչ Հրաչո Դարբինյանին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում