19:37  ,  3 մարտի, 2021

Հովհաննես Գաբուզյանն ու Սուսաննա Գաբոյանը ստացան չեմպիոնական մեդալները (ֆոտո)

Երեւանի Տ. Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցավ շախմատի Հայաստանի Բարձրագույն խմբի տղամարդկանց 81-րդ եւ կանանց 76-րդ առաջնությունների չեմպիոնների եւ մրցանակակիրների պարգեւատրման արարողությունը, որին ներկա էր ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգյանը։

Տղամարկանց պայքարում 11 հնարավորից 8,5 միավորով չեմպիոն էր դարձել Հովհաննես Գաբուզյանը։ 7 միավորով 2-րդ, 3-րդ տեղերը կիսել էին Արման Փաշիկյանն ու Սամվել Տեր-Սահակյանը։ Կանանց պայքարում Հայաստանի չեմպիոնի կոչումը 6,5 միավորով նվաճել էր Սուսաննա Գաբոյանը։ Երկրորդ տեղում Մարիամ Մկրտչյանն է, երրորդը՝ Հայաստանի քառակի չեմպիոն Մարիա Գեւորգյանը։

Հովհաննես Գաբուզյանն ու Սուսաննա Գաբոյանն իրենց տեղն ապահովեցին ազգային հավաքականներում։

Հովհաննես Գաբուզյանը երկրորդ հաղթանակն է տանում բարձրագույն խմբում։ Առաջին անգամ եիտասարդ շախմատիստը չեմպիոն է դարձել 2017 թվականին։ «Բարդ պայքարում նվաճեցի չեմպիոնը կոչումը։ Այս առաջնությունում լարված ստացվեց հատկապես իմ եւ Արման Փաշիկյանի պարտիան, քանի որ 0,5 միավորի տարբերությամբ մեր միջեւ էր ընթանոմ չեմպիոնության համար պայքարը։ Դեռ հստակ չգիտենք՝ ինչ մրցաշարերի ենք մասնակցելու։ Իմ տեղեկություններով՝ անցկացվելու է Եվրոպայի թիմային առաջնությունը։ Հնարավորություններիս չափով լավ կպատրասվեմ եւ կփորձեմ օգնել թիմին»,- ասաց Հովհաննես Գաբուզյանը։

Սուսաննա Գաբոյանը եւս իր երկրորդ չեմպիոնությունն է նշում Հայաստանի առաջնությունում։ Գաբոյանը Հայաստանի չեմպիոն էր դարձել նաեւ 2015 թվականին։

«Հեշտ պարտիաներ չունեցանք։ Բոլորն էլ բարդ ու լարված ստացվեց։ Իմ հաղթանակին մասնավորապես նպաստեց Սիրանույշ Ղուկասյանը, որը վերջին տուրում համառ պայքարում պարտության մատնեց Մարիա Գեւորգյանին։ Սա որոշիչ էր ինձ համար, քանի որ Մարիա Գեւորգյանը չեմպիոնի կոչման իրական հավակնորդն էր։ Այսպես ասած՝ չեմպիոնի կոչումը նվաճելու համար պարտական եմ Սիրանույշ Ղուկասյանին։ Ուրախ եմ, որ համալրում եմ հավաքականը։ Պետք է պատրաստ լինեմ հետագա պայքարին, թիմին օգտակար լինելուն։

Այս պահին հայտնի է միայն, որ Համաշխարհային Օլիմպիադան եւս մեկ տարով հետաձգվել է մինչեւ 2022 թվական։ Մյուս մրցաշարերի մասին եւս հստակություն չկա։ Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով բավական երկար դադար եղավ, երբեք այսքան մեծ դադար չէի ունեցել, բայց այդ ընթացքում հասցրեցի լավ պատրաստվել Հայաստանի առաջնությանը։ Երբ առաջին անգամ դարձա չեմպիոն, ավելի տպավորիչ էր, քանի որ շատ ավելի երիտասարդ էի»,- ասել է Սուսանա Գաբոյանը։

Հայաստանի չեմպիոններին եւ մեդալակիրներին պարգեւատրեց Սերժ Սարսգյանը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում