21:49  ,  1 մարտի, 2021

Գվարդիոլա․ Եվրոպայում լավագույն թիմը «Բավարիան» է

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան վաղ է համարում խոսել չեմպիոնության մասին։

«Մենք գոհ ենք մեր արդյունքից։ Եթե որեւէ թիմի նախկինում չէր հաջողվել 20 անընդմեջ հաղթանակ տանել, նշանակում է՝ բարդ խնդիր է։ Բայց վերջում նշանակություն ունի միայն տիտղոսը։ Փետրվարին կամ մարտին ոչ մի թիմ չեմպիոն չի դառնում։ Դեռ 36 միավոր կա առաջնությունում։ Մեկ շաբաթում հնարավոր է շատ միավորներ կորցնել։ Մրցակիցներն ուժեղ են։

Եվրոպայում լավագույն թիմը «Բավարիան» է, քանի որ նվաճել է հնարավոր բոլոր տիտղոսները։ Անգլիայում չեմպիոնը «Լիվերպուլն» է, եւ այդ պատճառով նրանք են լավագույնը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» 20 անընդմեջ հաղթանակ տարել է բոլոր մրցաշարերում։ Անպարտելի շարքը շարունակվում է նոյեմբերի 21-ից եւ հասել է 27 հանդիպման։ Նախորդ անգամ մանչեսթերյան թիմը պարտվել է Լոնդոնի «Տոտենհեմին»՝ 0։2։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում