18:34  ,  1 մարտի, 2021

«Բարսելոնայի» հայտարարությունը․ Ոստիկանության խուզարկությունը եղել է արտոնված

«Բարսելոնան» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ կապված մարտի 1-ին ակումբի գրասենյակում ոստիկանության խուզարկության հետ։

«Այս առավոտյան կատալոնական ոստիկանությունը ակումբի «Կամպ Նոու» ստադիոնում գտնվող գրասենյակում անցկացրել է դատական կարգով արտոնված խուզարկություն։ Ֆուտբոլային ակումբը լիովին աջակցություն է ցուցաբերել հետաքննությանը՝ տրամադրելով պահանջված տեղեկություններն ու փաստաթղթերը։

«Բարսելոնան» հարգում է քննչական գործողությունները, նաեւ այս հետաքննությանն առնչվող բոլոր մարդկանց անմեղության կանխավարկածը»,- նշվում է ակումբի հայտարարությունում։

Ոստիկանությունը մարտի 1-ին ձերբակալել է «Բարսելոնայի» նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին, գլխավոր տնօրեն Օսկար Գրաուին և փաստաբանական ծառայության ղեկավար Ռոման Գոմես Պենտիին։

Իսպանական մամուլը ենթադրություն է արել, որ ձերբակալությունները կապված են 2020-ի փետրվարին անօրինական վճարումների միջոցով  սոցցանցերում Բարտոմեուի իմիջը բարձրացնելու, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին ու իսպանացի պաշտպան Ժերար Պիկեին վարկաբեկելու արշավներ ֆինանսավորելու հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում