18:02  ,  1 մարտի, 2021

Արսեն Զախարյան․ Շատ ուրախ եմ, որ այսպիսի նորամուտ ստացվեց

Մոսկվայի «Դինամոյի» 17-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը պատմել է թիմի մեկնարկային կազմում նորամուտից եւ Ռուսաստանի առաջնությունում առաջին գոլը խփելուց ստացած տպավորությունների մասին։

Ռուսաստանի առաջնության 20–րդ տուրում «Դինամոն» Գրոզնիում 2։1 հաշվով հաղթել էր «Ախմատին»։ Արսեն Զախարյանը գոլից բացի վաստակել էր նաեւ 11 մետրանոց։

«Շատ ուրախ եմ, որ այսպիսի նորամուտ ստացվեց, գլխավորն այն է, որ հաղթեցինք, պետք է շարունակել աշխատանքը։ Խաղից առաջ մոտեցավ գլխավոր մարզիչը, հայտնեց, որ լինելու եմ մեկնարկային կազմում։ Որոշակի անհանգստություն կար խաղից առաջ, բայց հանդիպման ժամանակ ամեն ինչ սովորական էր։

Շատ շնորհակալ եմ երկրպագուներին, որոնք վանկարկում էին իմ անունը։ Նրանք շատ են ինձ լիցքավորում։ Կձգտեմ իմ խաղով երախտագիտությունս հայտնել նրանց»,- Արսեն Զախարյանի խոսքը մեջբերում է «Դինամոյի» մամուլի ծառայությունը։

Այս մրցաշրջանում Արսեն Զախարյանը հայտավորել էր «Դինամոյի» գլխավոր թիմի խաղերին, սակայն խաղաժամանակ չէր ստացել: «Դիմանոյի» երիտասարդական թիմի կազմում հայ ֆուտբոլիստը մասնակցել է ընթացիկ մրցաշրջանի 15 հանդիպման, դարձել 8 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 500 հազար եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում