10:11  ,  1 մարտի, 2021

«Դինամոյի» մարզիչ. Արսեն Զախարյանը հասուն ֆուտբոլ է ցուցադրում 17 տարեկանում

Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Սանդրո Շվարցը Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրում «Ախմատի» նկատմամբ հաղթանակից հետո անդրադարձել է 17-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանին, որը դարձել էր գոլի հեղինակ ու վաստակել 11 մետրանոց հարված:

«Արսենն իրեն շատ լավ դրսևորեց հավաքների ընթացքում և արժանացավ մեկնարկային կազմում տեղ ունենալուն: Նրա խփած գոլը միայն հաստատում է կատարված աշխատանքը: Նա մեծ քայլ կատարեց իր առաջընթացի հարցում: Ոչ միայն անհատական առումով, այլև շատ է աշխատում թիմի համար: Նա լիովին արժանացել էր իր գոլին:

Արսեն Զախարյանն ընդամենը 17 տարեկան է, սակայն նա ցուցադրում է հասուն ֆուտբոլ: Այսօր նա իրեն լավ դրսևորեց լուրջ մրցակցի դեմ խաղում, որտեղ մենապայքարները շատ էին»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ դա Արսեն Զախարյանի առաջին գոլն էր Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Այս մրցաշրջանում նա հայտավորել էր «Դինամոյի» գլխավոր թիմի խաղերին, սակայն խաղաժամանակ չէր ստացել: «Դիմանոյի» երիտասարդական թիմի կազմում հայ ֆուտբոլիստը մասնակցել է ընթացիկ մրցաշրջանի 15 խաղերի, դարձել 8 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 500 հազար եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում