11:23  ,  17 փետրվարի, 2021

«Բարսելոնայի» դեմ խաղից հետո Մբապեն մարզաշապիկը նվիրել է Խաբիբ Նուրմագոմեդովին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ հաղթանակից հետո մարզաշապիկը նվիրել է խառը մենամարտերի UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն, կարիերան ավարտելու մասին հայտարարած Խաբիբ Նուրմագոմեդովին: Ֆրանսիացի հարձակվողը ստրագրել է մարզաշապիկի վրա ու գրել «To Khabib»:

Բարսելոնայում տեղի ունեցած խաղում Մբապեն դարձել էր հեթ-տրիկի հեղինակ՝ օգնելով ՊՍԺ-ին հաղթել 4:1 հաշվով: Նա նաև ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող:

«Լիոնի» նախկին կիսապաշտպան Սիլվյեն Վիլտորից հետո Մբապեն առաջին ֆրանսիացին է, որը վերջին 16 տարում հեթ-տրիկի հեղինակ է դառնում Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում: 22-ամյա հարձակվողը Զինեդին Զիդանին շրջանցեց Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում ամենաշատ գոլ խփած ֆրանսիացիների ցուցակում: Մբապեն գոլերի թիվը հասցրեց 10-ի, իսկ Զիդանը խփել է 8 գոլ: Այդ ցուցանիշով առաջատար է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման (18 գոլ):

ՊՍԺ-ն իր հերթին դարձավ առաջին ֆրանսիական ակումբը, որը Չեմպիոնների լիգայի խաղում «Բարսելոնային» հաղթեց «Նոու Կամպ» ստադիոնում: Պատասխան հանդիպումը Փարիզում տեղի կունենա մարտի 10-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում