14:15  ,  3 հունվարի, 2021

Վազգեն Թեւանյան. Ինձ ոգեշնչում են մեր բոլոր զինվորները եւ պատերազմի մասնակից սպա եղբայրս

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթակիր, 2019 թվականի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն, 2018 թվականի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանի հույսերից մեկն է: 21-ամյա ըմբիշը 2020 թվականին աշխարհին հայտարարեց իր մասին եւ լուրջ հայտ ներկայացրեց ազատ ոճի ըմբշամարտի 65 կգ քաշայինների պայքարում:

Թեւանյանն ըմբշամարտով սկսել է զբաղվել 9 տարեկանից Արտաշատում մարզիչ Ռաֆիկ Գոլեցյանի մոտ, որն այժմ էլ աշխարհի գավաթակրի անձնական մարզիչն է: Ազատ ոճն ընտրել է ընկերների խորհրդով:

Աշխարհի գավաթակիրը NEWS.am Sport-ի համար ամփոփել է Մրցաշրջան-2020-ը:

Մրցաշրջան-2020...

Տարին բարդ էր: Մեր ազգի համար լավ տարի չէր, կորոնավիրուս, պատերազմ: Մարզական առումով տարվա վերջը մի փոքր հաջող դասավորվեց: Տարին սկսեցինք նորմալ մարզումային փուլով, ապա սկսվեց կորոնավիրուսը եւ ամեն ինչ փոխեց: Նորմալ չէինք կարողանում մասնակցել մարզումների, հավաքները համեմատաբար քիչ էին: Ապա պատերազմը, որը հոգեբանական առումով չէր թողնում, որ լավ մարզվեինք, պատրաստվեինք: Ինձ մոտ ստացվեց այդ հոգեբանական խնդիրը հաղթահարել, կենտրոնանալ եւ դուրս գալ աշխարհի գավաթի մրցագորգ: Նվաճեցի աշխարհի անհատական գավաթի խաղարկության ոսկե մեդալ: Ուրախ եմ, որ կարողացա այս ամենի միջով անցնելուց հետո հաղթանակ ունենալ: Այն ինձ ավելի ոգեւորեց, որ հետագայում էլ նույն ոգով շարունակեմ, հաղթանակներ կերտեմ Հայաստանի համար: Սա իմ առաջին հաղթանակն էր մեծահասակների մակարդակում: Այն բարձրացրել է իմ ոգին, վստահություն է տվել՝ հետագայում ավելի լավ հանդես գալու համար:

Պատերազմ...

2020 թվականն, իրոք, բարդ ու ծանր տարի էր բոլորիս համար:

Պատերազմի միջով անցանք եւ յուրաքանչյուրս, կարծում եմ, ինչ-որ բան քաղեցինք այդ պատերազմից: Ինքս հասկացա, որ պետք է ամեն գնով դժվարությունները կարողանանք հաղթահարել: Ինչ բարդ իրավիճակ, ինչ ծայրաստիճան վիճակում հայտնվենք, պետք է հավաքվենք, կենտրոնանանք եւ առաջ շարժվենք:

Երբ դարձա չեմպիոն, առաջինը զանգ ունեցա Արցախ՝ հորեղբորս որդուն, իր հետ կիսեցի հաղթանակս: Եղբայրս սպա է, մայոր: Մասնակցեց պատերազմին, պարգեւատրվեց «Մարտական խաչ» երկրորդ աստիճանով:  Եղբայրս ու  մեր բոլոր զինվորներն ինձ ոգեշնչում են: Նրանց չհանձնվելը, մինչեւ վերջ պայքարելը մեզ դուխ է տալիս, որ ավելի լավ անենք մեր գործը, ավելի լավ մարզվենք, աշխատենք, հաղթենք:

Պատերազմը սովորեցրեց, որ պետք չէ թերագնահատել հակառակորդին ու միշտ պատրաստ լինել պայքարի: Այդ նույնը նաեւ սպորտում է՝ գորգում. երբեք չի կարելի թերագնահատել մրցակցին: Սերբիայի մրցագորգում զգացի, որ պատերազմից հետո փոխվել է շատ բան, կարելի է ասել՝ պատերազմը մեզ մեծացրել է:

2021 թվական...

Այս տարին կարեւոր է բոլորիս համար: 2021-ի հետ կապված նպատակս ու երազանքս օլիմպիական ուղեգիր նվաճելն է: Վստահ եմ ուժերիս վրա: Մտածում եմ, որ կստացվի: Աշխարհի գավաթն ավելացրեց այդ վստահությունը: Տարեսկզբին կունենանք հավաք, հետո միջազգային ու վարկանիշային մրցաշարեր: Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կստացվի 2021-ում: Այս տարի մենք կունենանք նոր ու մեծ հաղթանակներ, որոնք մեզ շատ անհրաժեշտ են:

Հիշեցնենք, որ Վազգեն Թեւանյանը տպավորիչ հաղթանակ տարավ Սերբիայում դեկտեմբերի 16-18-ը տեղի ունեցած աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում՝ նվաճելով ոսկե մեդալ: Պատերազմի ավարտից հետո մրցահարթակ դուրս եկած երիտասարդ ըմբիշը անցկացրեց 5 հաղթական գոտեմարտ՝ բոլորը հաղթելով խոշոր հաշիվներով:

Լուսինե Շաբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում