22:14  ,  18 դեկտեմբերի, 2020

Վազգեն Թեւանյանը՝ աշխարհի գավաթակիր

Վազգեն Թեւանյանը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում:

61 կգ քաշայինների եզրափակիչում Եվրոպայի երիտասարդների չեմպիոնը մրցեց 2019 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր, Հունգարիան ներկայացնող Իսմայիլ Մուսուկաեւի հետ եւ հաղթեց 9:1 հաշվով:

Առաջին մրցափուլը Թեւանյանը հանգիստ սկսեց: Մրցակցի պասիվության շնորհիվ մեկ միավոր վաստակեց: Գնացին հանգստի 1:0 հաշով Վազգեն Թեւանյանի առավելությամբ: Երկրորդ մրցափուլում Վազգեն Թեւանյանը պասիվություն ստացավ եւ մինչեւ վերջին 40 վայրկյանը պարտվում էր 1:1 հաշվով մրցակցի առավելությամբ: Վերջին վայրկյանների Թեւանյանը հարմար բռնվածքով գլորման շարք արեց եւ հաշիվը դարձրեց 9:1:

21-ամյա ըմբիշը 5 գոտեմարտ անցկացրեց Բելգրադի մրցագորգում: Մինչեւ եզրափակիչ բոլոր գոտեմարտերում հաղթեց խոշոր հաշիվներով, ոչ մի հնարավորություն չտալով մրցակիցներին:

Մեկնարկային 1/16 որակավորման փուլում 6:0 հաշվով հաղթեց մոլդովացի Նիկոլայ Գրահմեզին, 1/8 եզրափակիչում՝ 51 վայրկյանում 11:0 հաշվով պարտության մատնեց Բահրեյնի ներկայացուցիչ Հաջի Մուհամեդ Ալիին: Քառորդ եզրափակիչում 10:0 հաշվով  ժամանակից շուտ հաղթեց 2020 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Ռումինիայի ներկայացուցիչ Նիկոյալ Օխլոպկովին: Կիսաեզրափակիչում 7:2 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանի նկատմամբ:

Այս քաշային կարգում Գոռ Հովհաննիսյանը բրոնզե մեդալ նվաճեց:

Ռազմիկ Պապիկյանը բրոնզե մեդալ չնվաճեց 61 կգ քաշայինների պայքարում: Հայ ըմբիշը 2:5 հաշվով պարտվեց Արգենտինայի ներկայացուցիչ Ագուստին Ալեխանդրո Դեստրիբաթսին:  2020 թվականի Հայաստանի չեմպիոնը պայքարը սկսել էր 1/8 երզափակիչից, որտեղ 8:7 հաշվով առավելության էր հասել Լեհաստանը ներկայացնող Էդուարդ Գրիգորևին: Քառորդ եզրափակիչում պարտվել էր երիտասարդների աշխարհի չեմպիոն, Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Աբասգաժի Մագոմեդովին (0:10), որը դուրս էր եկել եզրափակիչ: Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած սփոփիչ գոտեմարտում Պապիկյանը 5:1 հաշվով հաղթել էր Ուկրաինան ներկայացնող Վլադիմիր Բուրուկովին:

Աշխարհի գավաթի խաղարկությունը Ռազմիկ Պապիկյանի առաջին մրցաշարն էր մեծահասակների կազմում:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականն ավարտեց ելույթները ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում:

8 մասնակցով մրցավայր մեկնած Հայաստանի հավաքականը նվաճեց երեք մեդալ:

Դեկտեմբերի 17-ին Հայաստանի թիմը նվաճեց 1 արծաթե եւ 1 բրոնզե մեդալը: Արծաթե մեդալ նվաճեց 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը: Բելգրադի մրցագորգում 57կգ քաշայինների պայքարում 21-ամյա Հարությունյանը երեք տպավորիչ հաղթանակ (7:0, 5:4, 7:4)  տանելուց հետո եզրափակիչում ցավալի պարտություն կրեց կրկնակի աշխարհի չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Զավուր Ուգուեւին:

2019թ. Եվրոպայի չեմպիոնը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 7:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ ռումինացի Ռազվան Կովաչի նկատմամբ: Կիսաեզրափակիչի ուղեգիրը Հարությունյանը վիճարկեց 2017թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ու 2016թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 23-ամյա ուկրաինացի Անդրեյ Յաշչենկոյի հետ և հաղթեց լարված պայաքարում՝ 5:4: Եզրափակիչի ուղեգրի համար Հարությունյանը մրցեց սերբ Ստեւան Անդրիա Միչիչի հետ եւ հաղթեց 7:4 հաշվով:

Բրոնզե մեդալ նվաճեց Արման Անդրեասյանը (70 կգ): Հայաստանի ներկայացուցիչը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 4:2 հաշվով հաղթել էր մոլդովացի Վալենտին Բորզինին, իսկ 1/8 եզրափակիչում 1:4 հաշվով պարտվել Լեհաստանը ներկայացնող Մոգոմեդմուրադ Գաջիևին: Քանի որ Գաջիեւը նվաճել էր եզրափակիչի ուղեգիր, Անդերասյանը իրավունք էր ստացել շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար:

Երկու սփոփիչ գոտեմարտերում վստահ հաղթանակներ (10:0, 7:0) տանելուց հետո  հայ ըմբիշը բրոնզե մեդալը պետք է վիճարկեր 2018 թվականի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն,  2019 թվականի աշխարհի մինչեւ 23 տարեկանների փոխչեմպիոն,  Ռուսաստանի ներկայացուցիչ Չերմեն Վալիեւի հետ: Մրցակիցը հրաժարվել է պայքարից ոտքի վնասվածքի պատճառով, բրոնզե մեդալը բաժին է հասել Հայաստանի ներկայացուցիչին:

Հայաստանի թիմի կազմում հանդես էին եկել նաեւ Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ), որոնք հաջողության չհասան: Արման Ավագյանը, Հովհաննես Մխիթարյանը եւ Հովհաննես Մաղաքյանը պարտվեցինք մեկնարկում: Հրայր Ալիխանյանը պարտվել էր բրոնզե մեդալի համար պայքարում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում