18:06  ,  17 նոյեմբերի, 2020

Արայիկ Բաղդադյան. Մենք ուղղակի իրավունք չունենք չհաղթահարելու այս արհավիրքը

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանն անդրադարձել է երկրում ստեղծված իրավիճակին:

«Սիրելի´ հայրենակիցներ, բարեկամներ,
Այս օրերին չկա աշխարհում ապրող մի հայ, որը չի կիսում հայրենիքին բաժին ընկած տառապանքը: Մենք կրել ենք մարդկային, տարածքային, մշակութային անդառնալի կորուստներ: Հազարավոր լուսավոր տղաներ այլևս չեն ապրելու մեր կողքին: Մենք կորցրել ենք մեր լավագույնը, և դա անհերքելի իրողություն է: Բայց... Մենք պատասխանատվություն ենք կրում ապագա սերունդների առջև: Ի՞նչ Հայաստան ենք մենք ուզում նրանց ժառանգություն թողնել. պարտվա՞ծ, պառակտվա՞ծ, հուսահա՞տ... Մի թե դա են ժառանգել մեզ մեր հզոր նախնիները: Մի թե մենք այն ազգն ենք, որ դարերի ընթացքում հազարավոր փորձություններ անցնելուց հետո, այսօր ի վիճակի չի լինելու իր մեջքը շտկել: Իհարկե` ոչ: Ես հրաժարվում եմ հավատալ դրան: Մենք դեռ շատ անելիք ունենք: Մենք պետք է վերակառուցենք մեր երկիրը: Կո´չ եմ անում իշխանությանը` րոպե առաջ լծվել երկրում համերաշխության մթնոլորտի ստեղծմանը: Անզգուշորեն ասված ցանկացած խոսք այս օրերին կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Մենք ուղղակի իրավունք չունենք չհաղթահարելու այս արհավիրքը: Մենք ուղղակի պարտավոր ենք մեր երեխաների համար հզոր պետություն կառուցել»,- ֆեյսբուքյան էջում գրել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում