15:34  ,  5 հոկտեմբերի, 2020

Սա գոյության կռիվ է. Նշան Մունչյանի ուղերձը համայն հայությանը

Անկախ Հայաստանի բռնցքամարտի առաջին աշխարհի չեմպիոն Նշան Մունչյանը ուղերձ է հղել Հայաստանում, Արցախում և Սփյուռքում բնակվող հայերին:

«Սիրելի հայրենակիցներ և սփյուռքի համայն հայություն,

Արդեն մեկ շաբաթ է՝ թուրք-ադրբեջանական տանդեմը պատերազմ է սանձազերծել Արցախում: Այս պատերազմը տարածքների համար չէ: Ինչպես նշեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ սա հայ ազգի գոյության կռիվ է: Այսօր Արցախն ու Հայաստանը պատերազմ են տանում համաշխարհային ահաբեկչության դեմ: Թուրքիան և Ադրբեջանը պետք է ճանաչվեն ահաբեկչական պետություններ և խստագույնս պատժվեն միջազգային հանրության կողմից:

Մենք պետք է համախմբած լինենք ամբողջ աշխարհի հայերով որպես մի բռունք, մի սիրտ ու մի հավատ՝ ով զենքով սահմանին, ով ֆինանսական աջակցությամբ հայոց բանակի համար: Ես ավելի քան վստահ եմ, որ մենք այսօր ավելի միասնական ենք, քան երբևէ:

Իմ խորին ցավակցությունները բոլոր զոհված հերոս զինվորների մայրերին և փառք բոլոր նրանց, ովքեր հենց այս պահին պատերազմի դաշտում չեն խնայում իրենց կյանքը հանուն հայրենիքի: Մենք հաղթելու ենք»,- ասված է Մունչյանի ուղերձում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Մարտերը շարունակվում են:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում