12:30  ,  19 հունիսի, 2020

Սոլոմոն Ուդո. Հուսախաբ չեմ անի Հայաստանի հավաքականին ու երկրպագուներին

Գյումրիի «Շիրակի» հենակետային կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն հաստատել է, որ միանալու է Հայաստանի ազգային հավաքականին:

Ազգային հավաքականում հանդես գալու որոշումը կայացնելուց հետո Սոլոմոն Ուդոն առաջին հարցազրույցն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին:

«Շատ շոյված եմ Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելու կապացկությամբ: Չափազանց երջանիկ եմ և կարող եմ ասել, որ հուսախաբ չեմ անի թիմին և երկրպագուներին: 

Իմ կյանքը Հայաստանում հիասքանչ է: Հաճելի է մշտական բնակություն հաստատել նոր վայրում, հարմարվել նոր ապրելակերպին, ծանոթանալ նոր մարդկանց հետ: Շնորհակալ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և ազգային հավաքականի մարզչական շտաբին՝ ինձ վստահելու և իմ որակներին հավատալու համար: Կարող եմ ասել, որ իմ երազանքն իրականություն դարձավ»,- ասել է Ուդոն:

Սոլոմոն Իմե Ուդոն 2015-ին բելգիական «Էյպենից» էր տեղափոխվել Երեւանի «Արարատ»։ Հետագայում նիգերիացի կիսապաշտպանը հանդես է եկել «Ուլիսում», «Ուրարտուում» եւ «Շիրակում», որի կազմում անցկացրել է 100-ից ավելի հանդիպում։

Ավելի վաղ NEWS.am Sport-ին հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները բանակցել են 24-ամյա ֆուտբոլիստի հետ, որը Հայաստանում հանդես է գալիս 2015թ․ մայիսից եւ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կանոններով՝ 5 տարի նույն երկրում հանդես գալուց հետո ունի ֆուտբոլային քաղաքացիությունը փոխելու հնարավորություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում