16:16  ,  27 ապրիլի, 2020

Հայաստանի Բարձրագույն խմբի 9 ակումբների շնորհվեցին ՈւԵՖԱ-ի արտոնագրեր

Ապրիլի 27-ին կայացավ ՀՖՖ ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Նիստի ընթացքում քննության էին դրվել «Ալաշկերտ», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Ուրարտու», «Գանձասար-Կապան», «Նոա», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա», «Շիրակ» և «Փյունիկ» ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի՝ «ՈւԵՖԱ»-ի արտոնագիր ստանալու  համար ներկայացված փաստաթղթային փաթեթները: Մարզական համապատասխան որակավորում ստանալու դեպքում այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում մասնակցելու 2020/2021թթ․ ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի խաղարկությանը: 

Քննության դրված ֆինանսական փաթեթների հիման վրա Արտոնագրման բաժնի փորձագետներն անցկացրել էին համապատասխան ստուգումներ: Դրանց արդյունքները մանրամասնորեն ներկայացվեցին Արտոնագրման բաժնի պետի և ֆինանսական փորձագետի կողմից: Հիմնվելով մասնագետների եզրակացությունների և ստուգման արդյունքների վրա` Արտոնագրման կոմիտեն որոշում կայացրեց ՈւԵՖԱ-ի արտոնագրեր շնորհել թեկնածու բոլոր 9 ակումբներին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատմության մեջ առաջին անգամ քննության առավ նաև ՈւԵՖԱ-ի կանանց Չեմպիոնների Լիգայի արտոնագիր շնորհելու հարցը, ինչն ակումբների կանանց թիմերին հնարավորություն է ընձեռում մասնակցելու 2020/2021թթ․ ՈւԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների Լիգայի խաղարկությանը` համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում: Վերոնշյալ արտոնագրի համար դիմած երկու ակումբներն էլ՝ «Ալաշկերտ» ՖԱ-ն և «Շիրակ» ՖԱ-ն, բավարարել են բոլոր չափանիշներին և ստացել համապատասխան արտոնագիրը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում