Բրազիլիայի ազգային հավաքականի լեգենդար կիսապաշտպան Արթուր Անտունյես Կոիմբրան՝ Զիկոն, խոսել է իր հայրենակից, ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմար Ժունիորի մրցելույթների մասին:
«Ես շատ եմ հավանում Նեյմարին: Նա հրաշալի բաներ է անում խաղադաշտում: Նա իսկական վարպետ է: Այնուամենայնիվ, աշխարհում լավագույնը դառնալու համար նրան պակասում է այն պրոֆեսիոնալիզմը, որն ունեն Մեսին կամ Ռոնալդուն:
Նեյմարը 28 տարեկան է և խաղում է աշխարհի լավագույն թիմերից մեկում՝ ՊՍԺ-ում: Եթե նրանց հաջողվի հաղթել Չեմպիոնների լիգայում, ապա Նեյմարը լուրջ հավակնություններ կունենա նվաճելու «Ոսկե գնդակը»»,- Զիկոյի խոսքը փոխանցում է La Gazzetta dello Sport-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 18 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:
Վերջերս իսպանական պարբերականները հաճախ են գրում, որ Նեյմարի նախկին ակումբը՝ կատալոնական «Բարսելոնան», մտադիր է առաջիկա ամռանը վերադարձնել բրազիլացի ֆուտբոլիստին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում