10:12  ,  13 մարտի, 2020

ՄՕԿ նախագահը չի բացառել Օլիմպիական խաղերի հետաձգումը

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը կորոնավիրուսի պատճառով Օլիմպիական խաղերը հետաձգելու վերաբերյալ վերջնական որոշում կընդունի առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ քննարկումներ ունենալուց հետո:

«Մենք խնդիրը կքննարկենք առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ և կհետևենք նրանց խորհրդին: Միջազգային օլիմպիական կոմիտեն կանի ամեն ինչ հաջող մրցաշար կազմակերպելու համար:

Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերը կորոնավիրուսի պատճառով հետաձգվում են, և դա բավականին լուրջ խնդիր է: Մենք այս հարցին պետք է գտնենք լավագույն լուծումը, որը չպետք է վնաս հասցնի ոչ Օլիմպիական խաղերի հեղինակությանը, ոչ մարզիկներին և ոչ էլ այն միլիարդավոր մարդկանց, որոնք անհամբերությամբ սպասում են Տոկիո-2020-ի մեկնարկին»,- Թոմաս Բախի խոսքը փոխանցում է Ria Novosti-ն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսը՝ COVID-19-ը հայտարարեց որպես համաշխարհային համաճարակ: Աշխարհի 118 երկրում վիրուսով վարակված է ավելի քան 124 հազար մարդ: Զոհերի թիվը մոտենում է 5 հազարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում