09:48  ,  5 փետրվարի, 2020

Արսեն Հարությունյան. Հռոմում ցույց կտամ, որ պատահաբար չէի դարձել Եվրոպայի չեմպիոն

Ովքեր մտածում էին, թե ես պատահաբար եմ դարձել Եվրոպայի չեմպիոն, այս առաջնությունում կտեսնեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի 2019 թվականի չեմպիոն Արսեն Հարությունյանը, որը Հայաստանի հավաքականի կազմում փետրվարի 10-16-ը կմասնակցի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում տեղի ունենալիք Եվրոպայի առաջնությանը:

«Լավ տրամադրվածությամբ եմ պատրաստվում Եվրոպայի առաջնությանը: Հասցրել եմ լավ մարզավիճակ ձեռք բերել: Ով մտածում էր, թե 2019 թվականին Բուխարեստում միամիտ նվաճեցի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, այս Եվրոպայում կտեսնեն, հակառակում կհամոզվեն: Մարզավիճակս շատ լավ է: Անցել եմ բոլոր հավաքները եւ մարզիչներիս շնորհիվ ձեռք բերել լիարժեք մարզավիճակ:

Աշխարհի առաջնությունում տեղի ունեցած ձախողումից հետո հոգեբանական եւ ֆիզիկական առումով լիարժեք վերականգնվել եմ: Մոռացել եմ, թե ինչ է կատարվել Նուրսուլթանում: Նոր փուլ է սկսվում, պետք է լավ մասնակցեմ»,- ասաց Արսեն Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Նուրսուլթանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Արսեն Հարությունյանը պարտվեց 1/8-րդ եզրափակիչում. գոտեմարտի ընթացքում ձգվել էր ըմբիշի մկանները: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հարությունյանը նշել էր, որ մկանները ձգվելու պատճառը հոգեբանական գերլարվածությունն էր:

Եվրոպայի առաջնությանը Արսեն Հարությունյանից բացի հանդես կգան նաեւ՝ Միհրան Ջաբուրյանը (51 կգ), Վալոդյա Ֆրագուլյանը (65 կգ), Գեւորգ Մխեյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Մարզպետ Գալստյանը (92 կգ), Սարգիս Հովսեփյանը (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում