Ֆրանիսայի Նիցա քաղաքում ավարտված օլիմպիական չեմպիոն Հենրի Դեգլանի անվան Գրան Պրի մրցաշարից հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է 1 ոսկե, 2 արծաթ եւ 4 բրոնզե մեդալով:
Հայաստանի հավաքականի կազմում Նիցայի մրցաշարի ոսկե մեդալակիր դարձավ Արթուր Ալեքսանյանը՝ եզրափակիչում 3:1 հաշվով հաղթելով ադրբեջանցի ըմբիշին:
Արծաթե մեդալակիրներ դարձան Կարապետ Չալյանը 77 կգ քաշային կարգում եւ Ռուդիկ Մկրտչյանը 55 կգ քաշում:
Բրոնզե մեդալներ նվաճեցին Սլավիկ Գալստյանը (67 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ) եւ Ռուբեն Ղարիբյանը (82 կգ):
Էդուարդ Սահակյանի գլխավորած թիմից առանց մեդալի մնացին Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Շահինյանը (97 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130) կգ: Արթուր Շահինյանը պայքարն ավարտեց 4-րդ տեղում, Դավիթ Օվասապյանը՝ 5-րդ տեղում:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ֆրանսիայից հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը տեղեկացրեց, որ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը պայքարից դուրս է եկել բժշկի թույլտվությամբ վատառողջ լինելու պատճառով:
«Մաքսիմը պայքարը շարունակելու հնարավորություն ուներ: Մեկնարկում պարտվելուց հետո նա կարող էր շարունակել, քանի որ դուրս չէր մնացել հետագա պայքարից, բայց իրեն լավ չէր զգում եւ բժշկի թույլտվությամբ ազատվեց մրցաշարից»,- ասաց Սամվել Գեւորգյանը:
Թիմը Երեւան կվերադառնա հունվարի 20-ին:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում