23:11  ,  19 դեկտեմբերի, 2019

Հայաստանի 6 ծանրորդ՝ օլիմպիական վարկանիշային մրցաշարում

Քաթարում անցկացվելիք օլիմպիական վարկանիշային մրցաշարում հանդես կգամ 96 կգ քաշային կարգում: Լիարժեք պատրաստ եմ ուժերս փորձել նոր քաշում եւ պայքարել օլիմպիական ուղեգրի համար, եթե ավելանա մեր երկրին հասանելիք ուղեգրերի քանակը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը: Աշխարհի չեմպիոնը հավաքականի հետ պատրաստվում է օլիմպիական վարկանիշային մրցաշարին, որը վերջինն է լինելու այս տարի:

Դեկտեմբերի 19-25-ը Քաթարի մայրաքաղաք Դոհայում տղամարդկանց թիմից հանդես կգան Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):

«Ինչպես ասել էի՝ քաշային կարգս փոխելու եմ, քանի որ ցանկություն ունեմ պայքարել Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորություն ստանալու համար: Հանդես կգամ 96 կգ քաշային կարգում եւ Քաթարի մրցաշարում կփորձեմ հնարավորինս լավ հանդես գալ եւ ցանկալի արդյունք գրանցել այս քաշում: Ինձ լավ եմ զգում բարձր քաշում: Պատրաստ եմ վարկանիշային մրցաշարին»,- ասաց Հակոբ Մկրտչյանը:

Վարկանիշային մրցաշարին կմասնակցի նաեւ աշխարհի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը:

«Վարկանիշային մրցաշարը շատ կարեւոր է: Այս պահին իմ քաշային կարգում օլիմպիական վարկանիշներով երկրորդն եմ Լաշա Տալախաձեից հետո: Ամեն ինչ անում ենք, որ Տոկիո-2020-ում Տալախաձեի հետ պայքարեմ ոսկե մեդալի համար»,- նշեց Գոռ Մինասյանը:

Վարկանիշային մրցաշարում հանդես կգան նաեւ ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչ՝ Իզաբելա Յայլյանն (59 կգ) ու Տաթեւ Հակոբյանը (87 կգ):

Ի դեպ, ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը օրերս մեդալների մեծ քանակով է վերադարձել Եվրոպայի մինչեւ 15 եւ 17 տարեկանների առաջնությունից: Հայաստանը մասնակցել է 23 ծանրորդով, նվաճել 8՝ ոսկի, 22՝ արծաթե ու 12 բրոնզե մեդալներ։ Մինչեւ 17 տարեկանների պայքարում աչքի է ընկել Լիանա Գյուրջյանը: +81 կգ քաշայինների պայքարում Գյուրջյանը չեմպիոն է դարձել 223 կգ երկամարտի արդյունքով (97 +126): Ծանրորդը մրցաշրջան-2019-ում հաջող հանդես եկավ նաեւ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում՝ 4-րդ տեղ, փոքր արծաթե մեդալ եւ Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների չեմպիոն:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարում Հակոբ Մկրտչյանն է

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում