13:18  ,  1 դեկտեմբերի, 2019

Ֆինլանդիայում ձերբակալված ՖԱՖ-ի անդամ Երվանդ Իսմաիլյանը շարունակում է մնալ անազատության մեջ

Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում բանտարկված ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագու Երվանդ Իսմաիլյանի դատը չի կայացել:

Փաստաբանը խոստացել է 2 շաբաթվա ընթացքում նրան տեղափոխել Հայաստան: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՖԱՖ շարժման հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանը:

Հոկտեմբերի 15-ին Ֆինլանդիայում ձերբակալված ՖԱՖ-ի անդամ Երվանդ Իսմաիլյանը շարունակում է մնալ անազատության մեջ: Նոյեմբերի 28-ին պետք է տեղի ունենար հայ երկրպագուի դատը, բայց անհայտ պատճառներով տեղի չի ունեցել:

«Դատը հետաձգվել է եւս մի քանի օր: Պատճառը չեն հայտնում: Փաստաբանը վստահեցրել է, որ նոյեմբերի 28-ից սկսած 2 շաբաթվա ընթացքում Երվանդը Հայաստան է տեղափոխվելու: Հնարավոր է նաեւ առանց դատը կայանալու»,- ասաց Սերգեյ Ջանջոյանը:

Հիշեցնենք, որ ազգային հավաքականի երկրպագուն ձերբակալվել էր հոկտեմբերի 15-ին Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում անցկացված Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի 8-րդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպման ժամանակ: Պատճառը երկու երկրների երկրպագուների միջեւ ծագած վեճն է եղել, որը ցրելու նպատակով Երվանդը ճայտրուկ է վառել եւ պատահաբար վնասել մրցակցի երկրպագուներից մեկին: Դեպքը տեղի է ունեցել Տուրկու քաղաքի «Վերիտաս» ստադիոնում, որտեղ էլ ընթանում էր խաղը: Տուժողը խաղից հետո ոստիկանությունում բողոք է ներկայացրել հայ երկրպագուի դեմ: Երվանդ Իսմաիլյանը գտնվում է Տուրկուի բանտում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English