Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Ալֆոնս Արեոլան ներողություն է խնդրել Արքայական թիմի երկրպագուներից Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին 0։3 հաշվով պարտվելուց հետո փարիզյան ակումբի ուրախացող ֆուտբոլստներ Կիլիան Մբապեի եւ Էրիկ Շուպո-Մոտինգի հետ լուսանկարվելու համար։
«Ռեալի» ֆանատները սոցիալական ցանցերում քննադատել էին ՊՍԺ-ի նախկին խաղացող Ալֆոնս Արեոլային մրցակիցների հետ ուրախ դեմքով լուսանկարվելու համար։
«Թանկագին ֆանատներ, ցավում եմ ձեր քննադատական մեկնաբանությունների համար։ Ես հավատարիմ եմ «Ռեալին»։ Պարտությունը տխրեցրել է բոլորիս։ Խաղից հետո ես հանդիպեցի նախկին ակումբակիցներիս եւ ընկերներիս, որոնց հրաժեշտ տալ չէի հասցրել։ Ներողություն եմ խնդրում մադրիդցի ֆանատներից։ Հույս ունեմ, որ միասին կհասնենք մեծ նվաճումների»,- գրել է Արեոլան Թվիթերում։
26-ամյա ֆրանսիացի դարպասապահը ՊՍԺ-ի երիտասարդական թիմում հանդես է եկել 2006-2010-ին, գլխավոր թիմում՝ 2010-2013-ին։ Դրանից հետո նա վարձակալությամբ հանդես է եկել մի քանի թիմերում։ «Ռեալ» տեղափոխվել է այս տարի։ Այժմ էլ նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է ՊՍԺ-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում