16:04  +04,  18 սեպտեմբերի, 2019

Ալեքսանդր Կարելին․ Արթուր Ալեքսանյանը չանտեսեց իր վիճակը եւ հերոսություն չխաղաց

Լեգենդար ռուսաստանցի մարզիկ, հունահռոմեական ըմբշամարտի եռակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Կարելինն անդրադարձել է Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակիչին։

Չեմպիոնի տիտղոսն առանց պայքարի ստացել էր ռուսաստանցի Մուսա Եվլոեւը։ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կողոսկրի կոտրվածքի պատճառով չկարողացավ մասնակցել եզրափակիչ գոտեմարտին։

«Արթուր Ալեքսանյանը չանտեսեց իր վիճակը եւ հերոսություն չխաղաց, ինչը բնութագրում է նաեւ Մուսա Եվլոեւին, որպես արժանի մրցակցի։

Նախաօլիմպիական տարվա աշխարհի առաջնությունը միշտ տարբերվում է։ Միշտ էլ աշխարհի առաջնություններին մասնակցում են ուժեղագույնները, բայց օլիմպիական ուղեգիր նվաճելու խնդիրն ավելի է մեծացնում լարվածությունը։ Ռուսաստանի թիմի վրա եւս ազդեց այդ լարվածությունը»,- Կարելինի խոսքը մեջբերում է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կայքը։

Ռուսաստանը նվաճել է 5 մեդալ (2 ոսկե), երեք օլիմպիական ուղեգիր։ Հայաստանը նվաճել է մեկական արծաթե եւ բրոնզե մեդալ։ Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանն ապահովել են 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։ Սլավիկ Գալստյանը բրոնզե մեդալակիր է դարձել ոչ օլիմպիական քաշային կարգում՝ 63 կգ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: