17:52  ,  5 օգոստոսի, 2019

Վարդան Մինասյան. Ամեն ինչ կանենք հաղթանակի հասնելու համար

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի` վրացական «Սաբուրթալոյի» դեմ երևանյան խաղին ընդառաջ կայացավ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի և Հայաստանի չեմպիոնի բուլղարացի պաշտպան Գեորգի Պաշովի նախախաղային մամուլի ասուլիսը:

«Ուսումնասիրել ենք մրցակցին: «Սաբուրթալոն» տեխնիկապես լավ պատրաստված և խաղակցված թիմ է, սիրում են գնդակով խաղալ: Ամեն ինչ կանենք հաղթանակի հասնելու համար: Վնասվածք չունենք: Խաղից խաղ մեր թիմի ֆունկցիոնալ վիճակը և խաղակցվածությունը բարելավվում է:

Ֆիզիկապես չէինք հասցնի մասնակցել առաջնության խաղին: Ըստ կանոնակարգի, խաղերի միջև պետք է առնվազն 72 ժամ լինի: Էական նշանակություն չեմ տալիս այն փաստին` կանցկացնենք առաջին խաղը Երևանում, թե դրսում: Օրինակ, «Սաբուրթալոն» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց «Շերիֆին», իսկ տանը պարտվեց 1:3 հաշվով»,- նշեց Մինասյանը:

Լրագրողների հարցերին պատասխանեց նաև Գեորգի Պաշովը.

«Նշանակություն չունի` թե ով է մեր մրցակիցը: Կենտրոնանում ենք մեր խաղի վրա: Գիտենք, որ «Սաբուրթալոն» Վրաստանի չեմպիոնն է և ուժեղ թիմ է: Ակնկալում եմ, որ մարզադաշտը լեփ-լեցուն կլինի: Մեզ անչափ անհրաժեշտ է Ձեր աջակցությունը: Մենք լավ հնարավորություն ունենք Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճելու: Կարծում եմ, որ բոլոր հայ ֆուտբոլասերները պետք է աջակցեն «Արարատ-Արմենիային» և «Փյունիկին» առաջիկա խաղերում»,- նշեց բուլղարացի ֆուտբոլիստը:

«Արարատ-Արմենիա» - «Սաբուրթալո» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 6-ին «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի 19:00-ին:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով