Ագուերոն՝ Պրեմյեր լիգայի պատմության ամենաարագ պենտա-տրիկի հեղինակ

20:40   3 հոկտեմբերի, 2015

«Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, Անգլիայի առաջնության 8-րդ տուրում 5 գնդակ ուղարկելով «Նյուքասլի» դարպասը, դարձավ Պրեմյեր լիգայի պատմության ամենաարագ պոկերի հեղինակը, գրում է Daily Mail-ը:

Մանչեսթերում հոկտեմբերի 3-ին կայացած խաղում Արգենտինայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը 5 գոլ խփեց 20 րոպեի ընթացքում (42-62-րդ րոպեներին):

Ագուերոն դարձավ Պրեմյեր լիգայում պենտա-տրիկ ձեւակերպած 5-րդ ֆուտբոլիստը: Նախկինում դա հաջողվել էր միայն Էնդի Քոուլին (1994/1995 մրցաշրջանում), Ալան Շիրերին (1999/2000), Ջերմեյն Դեֆոյին (2009/2010) եւ Դիմիտար Բերբատովին (2010/2011): Արգենտինացին նաեւ դարձավ Եվրոպայի առաջատար 4 առաջնությունների (Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Իտալիա) երրորդ ամենաարագ պենտա-տրիկի հեղինակը: Նրանից արագ 5 գոլ խփել են միայն լեհ Ռոբերտ Լեւանդովսկին (Գերմանիայի առաջնությունում 2015-ին) ու հունգարացի Լադիսլավ Կուբալան (Իսպանիայի առաջնությունում 1952-ին):

Բացի այդ, պատմության մեջ առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում պենտա-տրիկ է գրանցվում Իսպանիայի, Գերմանիայի եւ Անգլիայի առաջնություններում: Բունդեսլիգայում դա արել էր Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Լեւանդովսկին, իսկ Պրիմերայում՝ Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։