Հենրիխ Մխիթարյանի վերադարձը «Բորուսիային» օգնեց խուսափել պարտությունից

20:16   24 հունվարի, 2015

Դորտմունդի «Բորուսիան» հունվարի 24-ին ընկերական հանդիպում անցկացրեց Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող Դյուսելդորֆի «Ֆորտունայի» հետ: Դյուսելդորֆում կայացած խաղում դաշտի տերերը մինչեւ 81-րդ րոպեն առջեւում էին հաշվի մեջ, բայց Յուրգեն Կլոպի թիմը խուսափեց պարտությունից՝ 1:1:

«Բորուսիան» տարածքային առավելություն ուներ հենց մեկնարկից, սակայն առաջինը գոլ բաց թողեց: Ընդմիջումից հետո Գերմանիայի փոխչեմպիոնի առավելությունը հսկայական էր: Երկրորդ խաղակեսում հյուրերը կորցրին մի քանի իրական գոլային պահեր, թեեւ «Ֆորտունային» չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը: 82-րդ րոպեին 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց «Բորուսիայի» լեհ կիսապաշտպան Յակուբ Բլաշչիկովսկին, ով վերջակետ դրեց խաղին:

Դեկտեմբերի 13-ից խաղադաշտից բացակայող Հենրիխ Մխիթարյանը հունվարի 23-ին վնասվածից հետո առաջին մարզումն էր անցկացրել «Բորուսիայի» ընդհանուր խմբում, իսկ Դյուսելդորֆում ստացավ նաեւ խաղալու հնարավորություն: Հայաստանի հավաքականի 26-ամյա կիսապաշտպանը պահեստայինների թվում էր եւ, փոխարինման դուրս գալով 72-րդ րոպեին, բավական ակտիվ մտավ խաղի մեջ:

Հիշեցնենք, որ մրցաշրջանի երկրորդ հատվածի նախապատրաստական փուլի ընթացքում Յուրգեն Կլոպի թիմը նվազագույն հաշվով հաղթել էր հոլանդական «Ուտրեխտին», Բուխարեստի «Ստյաուային» եւ շվեյցարական «Սյոնին»: Գերմանիայի փոխչեմպիոնն այս տարվա առաջին պաշտոնական խաղն անցկացնելու է հունվարի 31-ին Լեւերկուզենում, որտեղ Բունդեսլիգայի 18-րդ տուրում մրցակիցը լինելու է «Բայերը»:

Ընկերական խաղ

«Ֆորտունա» (Դյուսելդորֆ) - «Բորուսիա» (Դորտմունդ)՝ 1:1

Յոել Պոհյանպալո, 40 – Յակուբ Բլաշչիկովսկի, 81 (11մ.)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։