Յուրգեն Կլոպը՝ Մխիթարյանին փոխարինողի, տրանսֆերների եւ «Վոլֆսբուրգի» դեմ խաղի մասին

12:40   16 դեկտեմբերի, 2014

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Վոլֆսբուրգի» դեմ Բունդեսլիգայի 16-րդ տուրի խաղից առաջ նշել է, թե ով կարող է փոխարինել վնասվածք ստացած Հենրիխ Մխիթարյանին: Դեկտեմբերի 13-ին ստացած մկանային կտրվածքի պատճառով Հայաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտից բացակայելու է 6 շաբաթ:

«Հիմա դժվար է ինչ-որ լավ բան գրել մեր մասին: Մենք պարտվեցինք նախորդ խաղում, սակայն դա չի նշանակում, որ հաջորդում մեզ նույնն է սպասվում: Դա այլ տակտիկայով խաղացող բացարձակապես այլ մրցակից է: Բոլորս տեսանք «Վոլֆսբուրգի» եւ «Պադերբորնի» միջեւ խաղը: «Վոլֆսբուրգը» ցույց չտվեց այն ամենն, ինչի ունակ է, սակայն ակնարկեց դրա մասին: «Վոլֆսբուրգն» ուժեղ ու իր ուժերին վստահ թիմ է, որն ունի շատ ճկուն կիսապաշտպանություն: Ֆուտբոլիստները կարող են փոխվել դիրքերով: Մենք գիտենք, թե ինչ մրցակից է սպասում մեզ: Նման մրցակիցների դեմ պետք է խաղալ անձնվիրաբար:

Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը մեզ ստիպում է հույս դնել Կեւին Գրոսկրոյցի վրա: ԱԱ-2014-ից հետո Կեւինը չհասցրեց նորմալ պատրաստվել այս մրցաշրջանին, սակայն մեր խնդիրները նրան ստիպեցին անմիջապես անցնել գործի:

Ֆուտբոլիստներ ձեռք բերելու մասին ոչինչ չեմ ասի: Քանակը միշտ չէ, որ որակ է ապահովում: Իհարկե, մտածում ենք կազմը փոխելու հավանականության մասին, սակայն վերջնական  որոշում կկայացնենք ձմեռային դադարի ժամանակ»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» կայքը:

«Բորուսիա» - «Վոլֆսբուրգ» խաղը կկայանա դեկտեմբերի 17-ին Դորտմունդում: Գերմանիայի ընթացիկ առաջնությունում 9-րդ պարտությունից հետո «Բորուսիան» 14 միավորով նահանջել է 16-րդ տեղ, իսկ վոլֆսբուրգցիները 30 միավորով երկրորդն են: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։