Ռեքս Կալամյան․ Հայկական բասկետբոլի մակարդակը բարձրացել է, կարճ ժամանակում ունենք տեսանելի աճ

17:22   13 օգոստոսի, 2023

Հայկական բասկետբոլի մակարդակը կարճ ժամանակում աճել է: Աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլում մասնակցությունը մեր հնարավորությունն է, ունենք լավ շանսեր հաղթահարելու այս փուլը: Պետք է անենք առավելագույնը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, NBA մարզիչ Ռեքս Կալամյանը, որն այս օրերին գտնվում է Երեւանում:

Գլխավոր մարզիչը օգոստոսի 13-ին բաց մարզում անցկացրեց հավաքականի հետ, որին մասնակցում էին նաեւ 4 նոր բասկետբոլիստ: Ռեքս Կալամյանը հավաքականի թեկնածուներին ընտրել է Համահայկական 8-րդ խաղերին մասնակցող թիմերից:

«Մենք արդեն պատրաստվում ենք աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլին, որի հանդիպումները մեկնարկելու են փետրվարից: Խաղալու ենք Ավստրիայի եւ Ալբանիայի հետ նույն խմբում: Այս երկու թիմերն էլ լավն են,  ուժեղ են եւ մրցունակ:

Մենք խաղալու է խմբից դուրս գալու գլխավոր խնդրով: Չենք մտածում, թե ում հետ ենք խաղալու, որոնք են մեր մրցակիցները՝ Ալբանիան, Ավստրիան: Մենք պետք է անենք մեր լավագույնը, խաղանք մեր խաղը: Յուրաքանչյուր հանդիպում պետք է անցկացնենք լավագույն խաղը ցույց տալու եւ հաղթելու ձգտումով: Պետք է անենք առավելագույնը: Աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլում մասնակցությունը մեր հնարավորությունն է, եւ մենք լավ շանսեր ունենք հաղթահարել այս փուլը: Մինչեւ փետրվար թիմը պատրաստ կլինի պայքարին:

Այս մարզմանը շեշտը դրել էի թիմային աշխատանքի վրա: Ունենք նոր խաղացողներ, որոնց այսօր փորձարկում էինք: Ինձ համար կարեւոր էր տեսնել նրանց տեխնիկան եւ թիմային աշխատանքը:

Նոր խաղացողները լավն են, երիտասարդ եւ մարզված: Հույս ունեմ, որ ուժեղ թիմ կձեւավորենք նրանց հետ եւ այս խաղացողները կօգնեն հավաքականին աշխարհի առաջնության նախընտրական փուլում:

Հայկական բասկետբոլի մակարդակը բարձրացել է: Կարճ ժամանակում արդեն ունենք տեսանելի աճ: Այս ընթացքում շատ դրական կարծիքներ եմ լսել  ազգային հավաքականի մասին եւ հուսամ՝ այս զարգացումը շարունակական կլինի: Մենք դեռ ահռելի աշխատանք ունենք անելու, ամեն ինչ անում ենք ուժեղ հավաքական ունենալու համար:

Աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլի հանդիպումներին կպատրաստվենք Հայաստանում: Այս պահին խաղացողները կվերադառնան տուն, իրենց թիմեր, փետրվարին մենք նորից կհավաքվենք Հայաստանում եւ կմարզվենք: Մինչ այդ, աշնանը կունենանք ընկերական հանդիպումներ, կարծում եմ՝ կանցկացնենք SADA Cup-ը, իսկ եթե ոչ, ամեն դեպքում մի քանի խաղ կանցկացնենք այստեղ»,- ասաց Ռեքս Կալամյանը:

2027 թվականի աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլում Հայաստանի հավաքականը պայքարը կսկսի փետրվարից: Վիճակահանության արդյունքներով՝ Հայաստանի մրցակիցները կլինեն Ավստրիայի եւ Ալբանիայի հավաքականները:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։