15:58  ,  22 օգոստոսի, 2012

Սերգեյ Մովսիսյան. Ուրախ եմ, որ խաղում եմ Հայաստանի թիմի հետ, այլ ոչ թե` դեմ

Աշխարհի առաջնության ժամանակ առաջին անգամ էի մասնակցում Հայաստանի հավքականի կազմում եւ դա այլ զգացողություն էր. այժմ ամբողջովին հարմարվել եմ մեր թիմին, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականի երկրորդ համար Սերգեյ Մովսիսյանը:

Օգոստոսի 27-ին Ստամբուլում մեկնարկելիք 40-րդ համաշխարհային օլիմպիադայում առաջին անգամ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը կլինի Հայաստանի երկրորդ համարը օլիմպիադաներում: Նախորդ Օլիմպիադայում նա ներկայացնում էր Սլովակիան: Սերգեյ Մովսիսյանը Հայաստանի հավաքականի կազմում արեն վաճել է աշխարհի թիմային չեմպիոնի տիտղոսը:

Սերգեյ, ի՞նչ մարզավիճակում ես:

Հավաքի ժամանակ օրվա առաջին կեսը զբաղվում ենք ֆիզիկական պատրաստականությամբ, իսկ երկրորդ կեսում շախմատ ենք խաղում: Պատրաստվելը միայն այս հավքով չի սահմանափակվում: Հուսամ` Ստամբուլում կլինենք շատ լավ մարզավիճակում:

Վերջերս մասնակցեցիր Շվեյցարիայի Բիլ քաղաքում կայացած մրցաշարին: Կարո՞ղ ես ասել, որ գտնվում էիր քո օպտիմալ մարզավիճակում:

Չէի ասի, որ օպտիմալ մարզավիճակում էի: Ես ցանկանում էի Օլիմպիադայից առաջ մասնակցել մրցաշարի: Լավ էր, որ լավ խաղացի: Այժմ ինձ լավ եմ զգում: Մինչեւ այդ երեք ամիս չէի խաղացել: Ուրախ եմ, որ այդ խնդիրը լուծվեց:

Ինչ ես կարծում, ե՞րբ կստանաս առաջարկներ ավելի խոշոր ու բարդ մրցաշարերից:

Դժվար է: Մրցակցությունը շատ մեծ է: Հաջորդ տարվա սկզբին կմասնակցեմ Վեյկ ան Զեեի: A խմբում հայտնվելը շատ դժվար է, գործակիցս դեռ այդքան բարձր չէ, բայց հույս ունեմ որ կկարողանամ վերադառնալ այդ բարձր մակարդակի մրցաշարերին:

Հայաստանի հավաքականին միանալուց հետո քո խաղաոճում առաջընթաց տեսնո՞ւմ ես:

Առաջընթացը կապված է մարզավիճակից, բայց պարզ է, որ ավելի հետաքրքիր է դարձել: Առավել եւս, որ աշխարհի նախորդ առաջնությունից հետո շատ հաճելի է այսպիսի թիմում խաղալ: Մոտիվացիան է մեծացել: Կրկին ցանկանում եմ պայքարել ամենաբարձր տեղերի համար: Առաջ չէի կարողանում: Դա է հիմնական տարբերությունը: Բացի այդ մեր հավաքականի տղաների հետ մարզվելն ինձ շատ է օգնում:

Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել ես աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին: Օլիմպիադայից առաջ պատասխանատվությունն ավելի՞ մեծ է: Զգոցողությունները նո՞ւյն են:

Աշխարհի առաջնությունը շատ կարեւոր մրցաշար է, բայց Օլիմպիադան մի քիչ այլ համակարգ է: Ես մասնակցել եմ մի քանի Օլիմպիադաների: Չեմ կարծում, որ նյարդային վիճակ լինի ինձ կամ մյուս տղաների մոտ: Հայաստանի կազմում առաջին անգամ եմ մասնակցելու Օլիմպիադային, բայց կարծում եմ, որ իմ տարիքում առաջին անգամ հասկացողությունն արդեն խնդիր չէ: Աշխարհի առաջնության ժամանակ առաջին անգամ էի մասնակցում Հայաստանի հավքականի կազմում եւ դա այլ զգացողություն էր: Այժմ ամբողջովին հարմարվել եմ մեր թիմին:

Հե՞շտ էր խաղալ մրցաշարում, որտեղ պետք է հանդես գալ Հայաստանի հավաքականի դեմ:

Ես միշտ հետեւել եմ տղաների խաղին եւ շատ ուրախ էի, թե ինչպես են նրանք խաղում: Թուրինում ես չէի խաղում, բայց Դրեզդենի Օլիմպիադային շատ ուրախ էի, որ չխաղացի հայերի դեմ եւ Հայաստանը հաղթեց: Ես իսկապես չէի ցանկանա խաղալ նրանց դեմ: Ավելի լավ է տղաների հետ խաղալ, քան նրանց դեմ:

Որո՞նք են Հայաստանի հավաքականի ուժեղ կողմերը եւ թույլերը, եթե կան:

Բոլորը գիտեն, որ Հայաստանի հավաքականը շատ լավ թիմ է: Մեր առաջատարն աշխարհի լավագույն շախմատիստներից մեկն է: Մեր առավելություններից մեկը հենց դա է: Լեւոն Արոնյանը շատ է աշխատում թիմի համար եւ մեզ էլ է օգնում, վստահությամբ եւ գաղտնիքներով կիսվում է մեզ հետ: Իսկ մեր թույլ կողմերը թող մեր հակառակորդները մտածեն ու գտնեն (ժպտում է):

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը

Ֆոտո` Սոնա Բարսեղյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով