00:24  ,  12 մարտի, 2012

«Forwa՞rd», թե՞ «Adidas»

2011 թվականի նոյեմբերին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն (ՀԱՕԿ) պայմանագիր կնքեց մարզահագուստի ռուսաստանյան ապրանքանիշ «Forward» ընկերության հետ: Վերջինս գործելու է մինչեւ 2014 թվականի  դեկտեմբերի 31-ը: Ըստ պայմանագրի, բոլոր պաշտոնական մրցումները, որոնք կանցկացվեն Միջազգային օլիմպիական կոմիտեի օրացույցով եւ որին կմասնակցի նաեւ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն, Հայաստանի օլիմպիական հավաքականները պարտավորվում են մասնակցել այդ ընկերության արտադրության մարզահագուստով:

Սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ), որը նույնպես ՀԱՕԿ անդամ է,  պայմանագիր ունի «Adidas» ընկերության հետ, ըստ որի Հայաստանի հավաքականը իրավունք չունի  խաղադաշտ դուրս գալ ուրիշ ընկերության մարզահագուստով:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս հարցի շուրջ ներկայացրել է իր մեկնաբանությունը. «Կոմիտեն այդպիսի պայմանագիր ստորագրելու իրավունք չուներ… Ֆուտբոլի ֆեդերացիան ՀԱՕԿ-ի անդամ է, եւ երիտասարդական հավաքականը 4 տարին մեկ խաղում է օլիմպիական ցիկլում, ինչը չի բացառում օլիմպիական ուղեգիր ձեռք բերելը, որն էլ իր հերթին, ըստ պայմանագրի, ենթադրում է մեր հավաքականի` «Forward»-ի մարզաշապիկով հանդես գալը: Բայց դա սխալ է, քանի որ մենք ունենք մեր պայմանագիրը «Adidas»-ի հետ: Ինքս «Forward»-ի պայմանագրի մասին տեղյակ չեմ եղել, եւ իմացել եմ ստորագրելուց մեկ ամիս անց: Նրանք այդպիսի իրավունք չունեին, կամ` պայմանագրի մեջ պիտի նշեին` բացի ֆուտբոլից: Այստեղ իրավական սխալ կա եւ չեմ կարող ասել` ինչպես կլինի: Միայն թե` Հայաստանի հավաքականը, այդ թվում եւ ազգայինը,  չի կարող խաղադաշտ մտնել ուրիշ մարզաշապիկով»:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ ՄՕԿ-ի բոլոր մրցաշարերին հայ մարզիկները պարտավորվում են կրել «Forward»-ի մարզաշապիկները` անկախ մարզաձեւից:

«Դա վերաբերում է նաեւ ֆուտբոլին: Եթե ֆուտբոլի հավաքականը օլիմպիական վարկանիշ ձեռք բերի, ապա նրանք նույնպես կհագնեն: Ռուբեն Հայրապետյանի` «Forward»-ի պայմանագրի մասին արձագանքին առաջին անգամ եմ տեղեկանում: Չեմ կարող որեւէ մեկնաբանություն տալ: Այս պահին ֆուտբոլի հավաքականն ուղեգիր չունի եւ ներկայումս ոչ մի խնդիր չունենք ֆուտբոլի ֆեդերացիայի հետ այդ մասով»,-նշեց Հ. Ռոստոմյանը:

Թե ինչպե՞ս կվարվի ՀԱՕԿ-ը, երբ հերթը հասնի ֆուտբոլի օլիմպիական հավաքանակի մասնակցությանը ՄՕԿ-ի մրցումներին, Հ. Ռոստոմյանը թողեց «ժամանակի վրա», հույս հայտնելով, որ իրավիճակը կգնահատվի իրավաբանական տեսանկյունից եւ` «այնպես կարվի, որ որեւէ իրավական խնդիր չառաջանա Ազգային օլիմպիական կոմիտեի եւ ֆուտբոլի ֆեդերացիայի միջեւ»:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով