Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը մեկնաբանել է աշխարհի առաջին ռակետի կոչումը գրեթե 37 տարեկանում վերադարձնելու փաստը:
«Մեր մարզաձեւում առաջին ռակետ դառնալը թերեւս ամենանշանակալի նվաճումն է: Երբեմն կարիերայի սկզբում հայտնվում ես առաջին տեղում, քանի որ հրաշալի ես խաղում: Հետո լուրջ պայքար ես տանում առաջին ռակետի կոչմանն արժանի մրցակիցների հետ: Իսկ երբ արդեն երկար տարիներ են հետեւում, կրկնակի շատ աշխատանք է պահանջվում: Հնարավոր է՝ սա իմ կարիերայի ամենամեծ նվաճումն է գրեթե 37 տարեկանում դարձյալ դառնալ աշխարհի առաջին ռակետ: Սա երազանք է, որին չեմ կարողանում հավատալ: Տպավորություն է, որ այս ամենն իրականություն չէ: Առաջին անգամ առաջին ռակետ եմ դարձել 2004 թվականին՝ շատ վաղուց: Նախորդ անգամ եղել եմ ավելի քան հինգ տարի առաջ»,- Ֆեդերերի խոսքը մեջբերում է ESPN-ը:
Հիշեցնենք, որ Ֆեդերերը առաջին տեղն ապահովել է Ռոտերդամի մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս գալու շնորհիվ: Նա դարձյալ կգլխավորի համաշխարհային դասակարգման աղյուսակը փետրվարի 19-ին:
Ֆեդերերը կլինի ավագագույն առաջին ռակետը պատմության մեջ (36 տարեկան, 195 օրական): Նա գերազանցեց ամերիկահայ Անդրե Աղասու ռեկորդը՝ 33 տարեկան, 133 օրական:
Ֆոտո՝ twitter.com/rogerfederer
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում