23:18  ,  29 հուլիսի, 2012

Բարձրագույն խումբ. 16-րդ տուրը մեկնաբանում են գլխավոր մարզիչները

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում ընդմիջումից հետո կայացան 16-րդ տուրի հանդիպումները: Առաջնությունում երկիշխանություն հաստատվեց: Գյումրիի «Շիրակը», հաղթելով «Արարատին», վաստակած միավորներով (35) հավասարվեց «Միկային», որը պարտություն կրեց «Իմպուլսից»:
Հայաստանի առաջնություն.

«Բանանց» - «Փյունիկ»՝ 0։3

Արթուր Եդիգարյան, 33, Կամո Հովհաննիսյան, 35, 83

Հեռացում՝ Արտաշես Առաքելյան, 68 («Բանանց»)


Սուրեն Չախալյան, «Փյունիկ» 

«Մենք լավ անցկացրինք խաղի առաջին խաղակեսը, որի ընթացքում կարողացանք երկու անգամ գրավել մրցակցի դարպասը: Երկրորդ խաղակեսում «Բանանցն» ավելի լավ տեսք ուներ, բայց մրցակցի խաղացողի հեռացումից հետո «Փյունիկը», արդեն ունենալով թվային առավելություն, վերահսկում էր խաղը ու զարգացնելով հաջողությունը՝ արժանի հաղթանակ տարավ»:

Ռաֆայել Նազարյան, «Բանանց»

«Խաղի սկզբում մեր խաղացողների մոտ չէր ստացվում այն, ինչ պահանջվում էր նրանցից: Մինչեւ ընդմիջում մեր թիմը այդպես էլ չկատարեց իր առաջադրանքը: Ու թեեւ երկրորդ խաղակեսում  խաղի ձեռագրի առումով նկատելի էր առաջխաղացումը, բայց հետ բերել կորցրածը չհաջողվեց: «Փյունիկը» այսօր Հայաստանում ամենաարագ թիմն է, եւ նման թիմի հետ խաղերում վրիպումները ծանր հետեւանքներ են ունենում: Այսօր «Բանանցի» կազմում հանդես եկավ Անդրեյ Աթանասովը, ու կարող եմ ասել, որ ֆուտբոլային շատ լավ տվյալներ ունի, բայց դեռ լավ մարզավիճակում չէ»:


«Իմպուլս» - «Միկա»՝ 2։1
Վահագն Այվազյան, 14, Նորայր Գյոզալյան, 87 – Արեգ Ազատյան, 28


Արմեն Գյուլբուդաղյանց, «Իմպուլս»

««Միկայի» առաջխաղացումը ընթացիկ առաջնությունում ակնհայտ է: Թիմը համալրված է բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստներով, ովքեր ձգտում են ապահովել իրենց տեղը մեկնարկային կազմում: Բացի այդ, «Միկան» շատ լավ օգտագործում է ստանդարտները, եւ այդ ուղղությամբ հանձնարարականներ էին եղել մեր խաղացողներին, ու նրանք կատարեցին իրենց առաջադրանքը: Խաղում կարող էին հաղթել երկու թիմերն էլ, բայց ուրախ եմ, որ հաջողությունը ուղեկցեց մեզ»:

Ժոլտ Հոռնյակ, «Միկա»

«Գեւորգ Կասպարովի բացակայությունը, ինչպես տեսնում եք, ազդում է մեր թիմի արդյունքի վրա: Արմեն Ֆիշյանը բաց թողած երկու գնդակներում էլ իր մեղքի բաժինը ուներ: Բաց թողնելով գնդակը՝ մենք կարողացանք հավասարեցնել հաշիվը եւ խաղը, բայց ցավոք գրանցվեց այն, ինչ գրանցվեց»:

«Արարատ» - «Շիրակ»՝ 0։2
Ֆոֆանա Բեկո, 69, Լամին Յորո, 77

Վարդան Բիչախչյան, «Շիրակ»

«Խաղը մեզ համար հոգեբանական նշանակություն ուներ: Եվրոպական մրցասպարեզում երկու անընդմեջ պարտությունից հետո  հաղթանակը շատ էինք կարեւորում: Բացի այդ էլ պարզ էր, որ «Միկայի» պարտությունից հետո մենք շանս ունեինք հավասարվելու առաջատարին: Թեեւ կազմի հետ կապված որոշ խնդիրներ ունեինք, բայց կարողացանք հաղթանակի հասնել, ու տղաներն էլ ընդհանուր առմամբ կատարեցին առաջանդրանքն այս խաղում:

Տիգրան Եսայան, «Արարատ»

««Արարատում» մարզչական նոր կազմ է աշխատում եւ արվում է ամեն ինչ թիմի խաղը էականորեն փոխելու համար: Կարծում եմ, որ այսօրվա խաղը ցույց տվեց, որ մենք ճիշտ ճանապարհ ենք ընտրել ու աստիճանաբար թիմը կբարելավի խաղն ու բնականաբար միավորների պաշարը՝ նույնպես»:

«Ուլիս» - «Գանձասար»՝ 0։2
Արտաշես Զաքարյան, 57, Ռեջիլիո Զեեդորֆ, 62


Սեւադա Արզումանյան, «Ուլիս»

«Իհարկե, նման խաղով հաջողություն ակնկալելը շատ դժվար է: Ֆուտբոլիստների մոտ պակասում է արագութունը տեղաշարժերի ժամանակ, կատարողական վարպետություն պակաս է զգացվում, գումարած այս ամենին սխալներ ու ես կասեի նույնիսկ տարրական սխալներ ենք ցույց տալիս: Հերթական խաղն էր, որը մտորումների առիթ տվեց: Պետք է աշխատենք, ինչքան հնարավոր է արագ ու որակյալ կերպով շտկենք բացթողումները, որպեսզի կարողանանք հաղթանակների մասին մտածել»:

Սամվել Սարգսյան, «Գանձասար»

«Անկասկած անհաջողությունները դաս պետք է հանդիսանան յուրաքանչյուր մարզչի ու թիմի համար: Պարզ է, որ դեռ լավ խաղ ցուցադրելուց հեռու ենք, սակայն մենք աշխատում ենք այդ ուղղությամբ ու փորձարկում միաժամանակ մեր տրամադրության տակ եղած բոլոր ֆուտբոլիստներին:  Պետք է շարունակել մտածել ապագայի մասին ու շարժվել առաջ»:

Պատրաստեց Խաչիկ Չախոյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում