12:31  ,  2 մարտի, 2017

Էդգար Մանուչարյան. Ինձ ժամանակ է հարկավոր

Եկատերինբուրգի «Ուրալ» վերադարձած հայ հարձակվող Էդգար Մանուչարյանը Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Կրասնոդարի» նկատմամբ գերկամային հաղթանակից հետո ակումբի կայքի հետ զրույցում խոսել է Ռուսաստան վերադառնալու մասին:

Էդգար, պատմիր «Ուրալ» վերադառնալու մասին:

«Ուրալն» ընդառաջեց ինձ: Շնորհակալ եմ նրանց, ովքեր օգնեցին ինձ: Շնորհակալ եմ Գրեգորի Վիկտորովիչին: Ես հայտնվել էի այնպիսի իրավիճակում, որ մնացել էի առանց ակումբի: Ինձ հարկավոր էր խաղալ, այլապես պետք է սպասեի մինչեւ ամառ: Շատ ուրախ եմ, որ վերադարձա տուն: Ամեն բան հրաշալի ստացվեց: Մենք աներեւակայելի ինչ-որ բան արեցինք եւ դուրս եկանք կիսաեզրափակիչ: Սա մեր հաղթանակն է, որին մենք արժանի էինք: Մենք խաղում էինք երկրպագուների համար:

Չե՞ս զղջում, որ հեռացել էիր «Ուրալից»:

Կյանքում լինում է, երբ զղջում ես ինչ-որ բանի համար: Կարծում եմ՝ մարդը պետք է երբեմն սխալվի, որպեսզի այլեւս թույլ չտա սխալներ: Ես նույնիսկ չգիտեի, որ ամեն բան այսպես կստացվի: Ցանկանում էի ինչ-որ բան փոխել իմ կյանքում, սակայն դա ոչ միշտ է լավ: Ամենակարեւորը, որ ես հաղթահարեցի այդ պահերը: Շատ ուրախ եմ վերադառնալ տուն:

Թիմում մթնոլորտը շա՞տ է փոխվել:

Հասկանալի է, որ շատ բան փոխվել է: Նախկինում այլ կոլեկտիվ էր: Այժմ լավ տղաներ են միացել թիմին, շատ են նաեւ թիմի հնաբնակները: Հաճելի է, որ հայտնվել են նոր ընկերներ: Բոլորի հետ նորմալ եմ հաղորդակցվում: Մեր կոլեկտիվը միշտ եղել է մարտական, լավը: Կարծում եմ, այն միշտ կլինի այդպիսին:

Դու հիմա պատրա՞ստ ես մրցաշրջանին:

Դեռ 100 տոկոսով պատրաստ չեմ: Թաիլանդից հեռանալուց հետո չեմ մարզվել 2 շաբաթ: Պետք է մարզավիճակ հավաքեմ: Շատ լավ եմ զգում, սակայն ինձ ժամանակ է հարկավոր: Աստիճանաբար հավաքում եմ մարզավիճակ: Չեմ կասկածում, որ շատ շուտով պատրաստ կլինեմ 100 տոկոսով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում