23:09  ,  11 հուլիսի, 2012

Արմստրոնգը կպաշտպանվի եւս 30 օր

ԱՄՆ-ի հակադոպինգային գործակալությունը (USADA) հռչակավոր հեծանվորդ Լենս Արմստրոնգին տրամադրել է եւս 30 օր դոպինգ օգտագործելու մասին մեղադրանքին պատասխան տալու համար։ Այդ մասին հայտնել է Արմստրոնգի փաստաբան Թիմ Հերմանը։

Հունիսի 14-ին USADA-ն «Տուր դը Ֆրանսի» յոթակի չեմպիոնին մեղադրել էր մի շարք հակադոպինգային օրենքների խախտման մեջ։ Արմստրոնգը մեղադրվում է արգելված դեղամիջոցներ օգտագործելու, պահելու մեջ, նաեւ այլ մարզիկների դրդելու օգտագործել դոպինգ։

Մարզիկին սպառնում է ցմահ որակազրկում։ Արմստրոնգը չի ընդունում ոչ մի մեղադրանք, հաղորդում է Rsport.ru-ն։

ԱՄՆ-ի Դաշնային դատարանն ընդունել է Արմստրոնգի փաստաբանների հայցը եւ հնարավորություն է տվել մեղադրյալին պատասխանել մեղադրանքներին 30 օրվա ընթացքում։

Լենս Արմստրոնը 2000թ. Սիդնեյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, աշխարհի ամենատիտղոսակիր հեծանվորդներից մեկն է։ 1996-ին 25-ամյա Արմստրոնգի մոտ ախտորոշվեց ամորձիների քաղցկեղ՝ մետաստազով որովայնում, ուղեղում եւ թոքերում։ Մարզիկին հաջողվեց բուժվել եւ 1999-2005 թվականներին յոթ անգամ հաղթել «Տուր դը Ֆրանսում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում