13:35  ,  15 դեկտեմբերի, 2016

Մոուրինյոն նորմալ է համարում, որ Մխիթարյանին վնասվածք հասցրած Դենի Ռոուզը ստացել է դեղին քարտ

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության 15-րդ տուրի խաղի վերջնամասում տեղի ունեցած դրվագին, որում անգլիացի պաշտպան Դենի Ռոուզը սահանկումով գցել էր Հենրիխ Մխիթարյանին: Ոտնաթաթի վնասվածքի պատճառով Հայաստանի հավաքականի կիսապաշտպանին խաղադաշտից դուրս էին բերել պատգարակով, իսկ «Տոտենհեմի» խաղացողին խաղի գլխավոր մրցավար Ռոբերտ Մեդլին ցույց էր տվել դեղին քարտ:

«Ուրախ չեմ, բայց սա ֆուտբոլ է, եւ երբեմն մեծ ուժեր ես ներդնում կարեւոր խաղերում: Մրցավարն ամեն ինչ ճիշտ արեց: Ես ուրախ եմ նրա համար, քանի որ այդպիսի խաղերը սովորաբար վստահվում են ավելի փորձառու, ավելի բարձրակարգ մրցավարներին:

Կարծում եմ՝ մրցավարի համար սա լավագույն խաղն էր Պրեմյեր լիգայում: Նա ամեն ինչ ճիշտ էր անում ու ցանկանում էր խաղն ավարտել առանց կարմիր քարտի: Նա ցույց տվեց դեղին քարտ, եւ ինձ համար դա նորմալ էր:

Ամեն բան լավ ավարտվեց, եւ Մխիթարյանը խուսափեց լուրջ վնասվածքից, պետք է շարժվել առաջ: Ստացվեց մեծ հանդիպում, տղամարդկանց պայքար էր»,- մարզիչի խոսքը մեջբերում է The Guardian-ը:

Աղբյուրը նշում է, որ Հենրիխ Մխիթարյանը պատրաստ կլինի «Սանդերլենդի» դեմ Պրեմյեր լիգայի 18-րդ տուրի խաղին, որը կկայանա դեկտեմբերի 26-ին: «Տոտենհեմի» դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով նա բաց թողեց «Քրիսթալ Փելասի» հետ դեկտեմբերի 14-ին կայացած խաղը, որում մանչեսթերցիները հաղթեցին 2:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով