00:43  ,  12 հոկտեմբերի, 2016

ԱԱ-2018. Հայաստանի հավաքականը կարմիր քարտից հետո խփեց առաջին գոլը, սակայն դարձյալ պարտվեց

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի՝ 2018թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում երրորդ անընդմեջ պարտությունը ստացվեց շատ ցավալի: Վարշավայի «Ազգային» ստադիոնում տեղի ունեցած խաղում մրցակիցը Լեհաստանի հավաքականն էր, որը դժվարին հաղթանակ տարավ 2:1 հաշվով՝ հաղթական գոլը խփելով ավելացված ժամանակի 5-րդ րոպեին: Ընդ որում՝ 30-րդ րոպեից լեհերն ունեին թվային առավելություն:

Երեք օր առաջ կայացած Ռումինիայի դեմ խաղի (0:5) համեմատ Վարուժան Սուքիասյանը մեկնարկային կազմում կատարել էր երեք փոփոխություն՝ ընտրելով գերպաշտպանողական կազմ:

Լեհերը խաղի հենց սկզբից ունեին տարածքային առավելություն եւ մեկնարկային 10 րոպեներին կորցրին երեք գոլային պահ: Երկու անգամ հարմար դիրքից անհաջող հարված կատարեց Մյունխենի «Բավարիայի» ռմբարկու Ռոբերտ Լեւանդովսկին, մեկ անգամ էլ վրիպեց բելգիական «Անդերլեխտի» հարձակվող Լուկաշ Տեոդորչիկը, որի պահն ամենաիրականն էր:

Առանց Հենրիխ Մխիթարյանի խաղացող հայկական թիմը կատարում էր գրոհների փորձեր, որոնք վտանգավոր չէին ստացվում: Հայաստանի հավաքականը եւս փորձում էր վերահսկել գնդակը, սակայն դա շատ կարճ էր տեւում: Լեհերի տարածքային առավելությունը գնալով մեծանում էր: 25-րդ րոպեին նրանք խաղարկեցին շատ վտանգավոր անկյունային հարված, որի ժամանակ դարպասային գծին կանգնած Լեւոն Հայրապետյանը Հայաստանի թիմին փրկեց գոլից: 30-րդ րոպեին հյուրերը մնացին 10 խաղացողներով: Ֆրանսիական «Մարսելի» պաշտպան Գաել Անդոնյանը ստացավ երկրորդ դեղին քարտը եւ լքեց խաղադաշտը: Վարուժան Սուքիասյանն անմիջապես կատարեց փոխարինում՝ հենակետային կիսապաշտպան Կարեն Մուրադյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերելով կենտրոնական պաշտպան Տարոն Ոսկանյանին: Խաղակեսի վերջնամասում Հայաստանի թիմը ստեղծեց վտանգավոր պահ, սակայն Դավիթ Մանոյանը, հայտնվեով հարվածային դիրքում, կատարեց անհաջող փոխանցում: Այդ գրոհին լեհերը պատասխանեցին ավելի վտանգավոր առաջխաղացմամբ, որից հետո Լեւոնդովսկու հարվածը դարձյալ շեղ ստացվեց հարմար դիրքից: Մինչեւ ընդմիջում դաշտի տերերը չկարողացան օգտվել թվային առավելությունից:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Հայաստանի հավաքականը գոլ բաց թողեց, սակայն լեհերի ուրախությունը երկար չտեւեց: 48-րդ րոպեին դաշտի տերերը բացեցին հաշիվը Հրայր Մկոյանի ինքնագոլի շնորհիվ, սակայն 3 րոպե անց Մարկոս Պիզելին տուգանայինից հավասարեցրեց հաշիվը՝ խփելով Հայաստանի թիմի առաջին գոլն այս ընտրական փուլում: Պիզելիի՝ տուգանայինից կատարած փոխանցումից հետո գնդակը հայտնվեց դարպասում՝ 1:1: Գոլից հետո Հայաստանի հավաքականը շարունակում էր պաշտպանվել մեծ ուժերով, բայց երբեմն-երբեմն անցկացնում էր նաեւ գրոհներ: Հայկական թիմի մոտ վստահությունն աստիճանաբար ավելանում էր, իսկ լեհերը չէին կարողանում կազմակերպել վտանգավոր գրոհներ: 68-րդ եւ 70-րդ րոպեներին դաշտի տերերը երկու անգամ անհանգստացրին Արսեն Բեգլարյանին, բայց դարպասի գրավումներ չեղան: Քիչ անց Հայաստանի թիմը կորցրեց այս խաղի ամենաիրական գոլային պահը: Փոխարինման դուրս եկած Արաս Օզբիլիսը խաղադաշտի կենտրոնից մեն-մենակ դուսր եկավ Լուկաշ Ֆաբիանսկու դեմ, սակայն դարպասապահի վրայով գնդակը գցելու փորձն անհաջող ստացվեց: Օզբիլիսը բավական հաջող էր մտել խաղի մեջ եւ աջ եզրում երբեմն անհանգստացնում էր տանտերերի պաշտպանությանը: Րոպեներ անց 100 տոկոսանոց գոլային պահ կորցրին արդեն լեհերը: Դաշտի տերերի գոլային պահերը հաջորդում էին իրար եւ գնդակը միայն հրաշքով չէր հայտնվում դարպասում: Արսեն Բեգլարյանի դարպասի մոտ ճնշումը չափազանց մեծ էր, բայց Հայաստանի թիմը դիմադրում էր եւ նույնիսկ կարող էր հաղթանակ կորզել ավելացված չորրորդ րոպեին, եթե Արաս Օզբիլիսը դարձյալ չձախողեր դարպասապահի դեմ միայնակ հայտնվելու պահը: Լեհերի հաղթական գոլը ավելացված 5-րդ րոպեին ստանդարտ դիիքից խփեց «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին՝ 2:1:

Լեհաստանի հավաքականը վաստակեց 7 միավոր: Նույնքան միավոր ունի նաեւ Չեռնոգորիան, որը նվազագույն հաշվով հաղթեց դանիացիներին:

ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հաջորդ խաղը նախատեսված է նոյեմբերի 11-ին: Այդ օրը հայկական թիմը Երեւանում կընդունի Չեռնոգորիայի հավաքականին՝ անցկացնելով այս տարվա վերջին խաղը:

ԱԱ-2018, ընտրական մրցաշար

E խումբ, երրորդ տուր

Լեհաստան - Հայաստան՝ 2:1

Հրայ Մկոյան, 48, ինքնագոլ, Ռոբերտ Լեւանդովսկի 90+5 – Մարկոս Պիզելի, 50

Հեռացում՝ Գաել Անդոնյան, 30 (Հայաստան)

Հայաստան. Արսեն Բեգլարյան, Վահագն Մինասյան, Վարազդատ Հարոյան, Հրայր Մկոյան, Գաել Անդոնյան, Լեւոն Հայրապետյան, Կարեն Մուրադյան (Տարոն Ոսկանյան, 34), Արտակ Գրիգորյան, Կամո Հովհաննիսյան (Արաս Օզբիլիս, 60), Դավիթ Մանոյան, Մարկոս Պիզելի (Դավիթ Հակոբյան, 85):

Լեհաստան. Լուկաշ Ֆաբիանսկի («Սուոնսի»), Յակուբ Բլաշչիկովսկի («Վոլֆսբուրգ»), Կամիլ Գլիկ («Մոնակո»), Տիագո Չիոնեկ («Պալերմո»), Արթուր Ենջեյչիկ («Կրասնոդար», Պավել Վշոլեկ, 33), Գժեգոժ Կրիխովյակ (ՊՍԺ), Պետր Զելինսկի («Նապոլի»), Կամիլ Գրոսիցկի («Ռեն», Բարտոժ Կապուստկա, 70), Մացեյ Ռիբուս («Լիոն»), Լուկաշ Տեոդորչիկ («Անդերլեխտ», Կամիլ Վիլչեկ, 85), Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա»):

Դավիթ Եղիազարյան՝ Վարշավայից

Լուսաբանման հովանավորն է Ucom-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով