13:46  ,  29 օգոստոսի, 2016

Ռիո Ֆերդինանդ. Ռեշֆորդն ու Մխիթարյանը փոխեցին «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդն անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ու անգլիացի 18-ամյա հարձակվող Մարկուս Ռեշֆորդին, որոնք փոխարինման էին դուրս եկել  «Հալ Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության երրորդ տուրի մրցավեճում՝ փոխելով մանչեսթերցիների խաղը:

«Ինչպես կարելի է Ռեշֆորդին Պրեմյեր լիգայի ոչ մի խաղում դաշտ դուրս չբերել առաջին րոպեներից՝ հաշվի առնելով, թե ինչ էր նա անում նախորդ մրցաշրջանում: Նա հիանալի օրինակ է ծառայում երիտասարդ ֆուտբոլիստների համար՝ չհանձնվելով ոչ մի դեպքում: Ռեշֆորդն ու Հենրիխ Մխիթարյանն ամենաակտիվն էին երկրորդ խաղակեսում եւ փոխեցին «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը»,- Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է The People-ը:

Հիշեցնենք, որ «Հալ Սիթիի» դեմ խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» միակ եւ հաղթական գոլն ավելացված ժամանակում խփել էր Ռեշֆորդը, իսկ Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 60-րդ րոպեին՝ հաջող մտնելով խաղի մեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում