Ռիո-2016-ում Հայաստանի օլիմպիական թիմի հիմնական մասն այս գիշեր Ռիո դե Ժանեյրո - Դոհա - Երեւան չվերթով վերադարձավ հայրենիք: Վերադարձողների կազմում էին ծանրորդները, բռնցքամարտիկները, լողորդները, աթլետները, մարմնամարզիկները:
Ծանրամարտի կանանց օլիմպիական թիմից հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի հետ Հայաստան վերադարձան Ռիո-2016-ում 5-րդ տեղ զբաղեցրած Նազիկ Ավդալյանը եւ 10-րդ տեղ զբաղեցրած Սոնա Պողոսյանը: Տղամարդկանց թիմից մարզիչ Վիգեն Խաչատրյանի հետ ժամանեցին ձեռքի վնասվածքի պատճառով պայքարից դուրս մնացած Անդրանիկ Կարապետյանը, գերծանրքաշայինների պայքարում 4-րդ տեղ զբաղեցրած Ռուբեն Ալեքսանյանը:
Մարմնամարզիկների մարզիչներ Հակոբ Սերոբյանի եւ Սոս Սարգսյանի հետ ժամանեցին Ռիո-2016-ում եզրափակիչում 7-րդ տեղ զբաղեցրած Հարություն Մերդինյանը եւ Արթուր Դավթյանը, որը եզրափակիչ դուրս չէր եկել:
Սպասրահում իր մարզիկներին՝ լողորդներ Վահան Մխիթարյանին եւ Մոնիկա Վասիլյանին դիմավորեց լողի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ուղեկցությամբ Հայաստան վերադարձան Վլադիմիր Մարգարյանը եւ Արթուր Հովհաննիսյանը: Իսկ Ռիո-2016-ի օլիմպիական աթլետները՝ Լեւոն Աղասյանը, Ամալյա Շառոյանը, Լիլիթ Հարությունյանը, Դիանա Խուբեսերյանը, Գոռ Ներկարարյան եւ Գայանե Չիլոյանը Երեւան ժամանեցին Ռոբերտ Էմմիյանի գլխավորությամբ:
Հայ օլիմպիականներին օդանավակայանում դիմավորելու էին եկել մարզիկների ծնողները, հարազատները, ընկերները: Նույնիսկ օլիմպիականների ժամանման հետ համընկած այլ չվերթով ժամանողների դիմավորողները սպասում էին նաեւ հայ մարզիկների դուրս գալուն: Մասնավորապես, սպասրահում մարզասերները մեծ ցնծությամբ դիմավորեցին Նազիկ Ավդալյանին: Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոնի գալն իսկական տոնի վերածվեց ժամանման սրահում հավաքվածների համար. բոլորը ցանկանում էին լուսանկարվել Նազիկ Ավդալյանի հետ եւ միմյանց հերթ չէին տալիս:
Սակայն մարզիկները ուրախ չէին ժամանման սրահում տեսնել լրագրողներին: Նրանց մեծ մասը հրաժարվում էր մեկնաբանություններ տալ, ոմանք նույնիսկ անհետացան սպասասրահից:
Ռիո դե Ժանեյրոյում են մնացել Ռիո-2016-ում Հայաստանի մեդալակիրները՝ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, օլիմպիական ոսկին անարդար մրցավարության պատճառով կորցրած Միհրան Հարությունյանը, օլիմպիական փոխչեմպիոններ Գոռ Մինասյանը եւ Սիմոն Մարտիրոսյանը: Ռիոյից չեն վերադարձել նաեւ ըմբշամարտի մարզչական շտաբը եւ մյուս մասնակիցները:
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Խորեն Գրիգորյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում