Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակով մեկնարկեց Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշայինների պայքարում:
1/8 եզրափակիչում գյումրեցի ըմբիշը 5:2 հաշվով հաղթեց իտալացի 30-ամյա Դաիգորո Տիմոնչինիին:
Արթուրը պասիվ սկսեց գոտեմարտը, թեեւ առաջին մրցափուլում իտալացուն պարտեր նստեցրին պասիվության համար: Սակայն Ալեքսանյանը չկարողացավ միավոր վաստակել: Առաջին մրցափուլի վերջում նաեւ հայ ըմբիշը հայտնվեց պարտերում, բայց կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ:
Երկրորդ մրցափուլում Ալեքսանյանն ավելի ակտիվ էր եւ սկզբում վաստակեց 2 միավոր: Վերջնամասում Եվրոպայի եռակի չեմպիոնը վաստակեց եւս 3 միավոր, իսկ քիչ անց 2 միավոր տվեց մրցակցին:
Քառորդ եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը կհանդիպի ռումինացի Ալին Ցիուրարուի հետ:
Հիշեցնենք, որ Եվրոպայի նախորդ առաջնության եզրափակիչում Արթուր Ալեքսանյանին հաղթած ռուս Նիկիտա Մելնիկովը չի մասնակցում Ռիո-2016-ին, իսկ 98 կգ քաշային կարգում Ռուսաստանը ներկայացնում է Իսլամ Մագոմեդովը, որին հայ ըմբիշը կարող է հանդիպել կիսաեզրափակիչում: Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի չեմպիոն, իրանցի Ղասեմ Ռեզային մյուս ենթախմբում է:
Օգոստոսի 16-ին պայքարի մեջ էր մտել նաեւ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը, որը մեկնարկային գոտեմարտում 1 րոպե 25 վայրկյանում 9:0 հաշվով հաղթել էր եգիպտացի Ահմեդ Կահկին եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից հանդես են եկել նաեւ Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), որոնք պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում եւ լքել պայքարը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում