Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 75 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճած ռուս Ռոման Վլասովը պատմել է, որ ուշագնաց է եղել կիսաեզրափակիչ գոտեմարտի ժամանակ:
«Մրցակիցը խեղդում էր ինձ, իսկ մրցավարը նույնիսկ նկատողություն չտվեց նրան: Փառք Աստծո, որի ինձ հնարավորություն տվեցին պայքարել մինչեւ վերջ եւ հաղթել այդ գոտեմարտում: Ի՞նչ էի զգում այդ պահին, ես ուշագնաց եղա: Նման բան երբեք չէր եղել, որ ես կորցնեի գիտակցությունս: Ուշքի գալով հասկացա, որ պետք է շարունակեմ պայքարել, որ ոչինչ դեռ չի ավարտվել:
Ալեքսանդր Կարելինի ռեկորդը գերազանցել, երեւի, հնարավոր չէ: Այդ մարդն ամենաշատն է արել սպորտի համար: Այս հաղթանակը ցանկանում եմ նվիրել նրան: Կարելինն այն մարդն է, որի շնորհիվ ես դարձա կրկնակի օլիմպիական չեմպիոն»,- Վլասովի խոսքը մեջբերում է «Газета.Ru»-ն:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Կարելինն Օլիմպիական խաղերի եռակի ոսկե մեդալակիր է (1988, 1992, 1996, մինչեւ 130 կգ), աշխարհի 9-ակի չեմպիոն, Եվրոպայի առաջնության 12-ակի հաղթող: Ռիո-2016-ի 75 կգ քաշայինների պայքարին մասնակցել էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Արսեն Ջուլֆալակյանը, որը մեկնարկային գոտեմարտում պարտվել էր Բուլղարիայի ներկայացուցիչ Դանիել Ալեքսանդրովին եւ լքել պայքարը: Լոնդոնի Օլիմպիական խաղերի եզրափակիչում Արսեն Ջուլֆալակյանին հաղթել էր հենց Ռոման Վլասովը: Ռիո-2016-ում ռուսաստանցին պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ հաղթել էր Լոնդոն-2012-ի 66 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճած Կիմ Հյոն Ուին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում