21:20  ,  10 օգոստոսի, 2016

Ֆլորենտինո Պերես. Հեշտ չէ ուժեղացնել «Ռեալի» կազմը

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է թիմի հաղթանակը Եվրոպայի Սուպերգավաթի խաղում եւ խոսել հնարավոր տրանսֆերների մասին: Տրոնհեյմում կայացած խաղում Արքայական ակումբը լրացուցիչ ժամանակում 3:2 հաշվով հաղթել է «Սեւիլիային»:

«Մենք շատ ուրախ ենք այս տիտղոսին, քանի որ այնքան էլ հեշտ չէ հաղթելը: 21-րդ դարում մենք երեք անգամ հաղթել ենք Չեմպիոնների լիգայում, այժմ էլ նվաճում ենք Եվրոպայի սուպերգավաթը: Սա հրաշալի է, առավել եւս, որ բացակայում էին մի քանի առանցքային խաղացողներ: Առջեւում երկար մրցաշրջան է, իսկ մեր նպատակն է բոլոր մրցաշարերում հաղթելը:

Մենք ունենք անհավանական կազմ: Յուրաքանչյուր դիրքում խաղում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստները: Հեշտ չէ մեր կազմը ուժեղացնելը: Բարդ է գտնել ֆուտբոլիստի, որը կարող է ուժեղացնել «Ռեալը»: Մինչեւ տրանսֆերային պատուհանի փակվելը ժամանակ կա, ամեն ինչ կարող է տեղի ունենալ»,- Պերեսի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ այս ամռանը «Յուվենտուսից» «Ռեալ» է վերադարձել իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան, թիմից հեռացել են Դենիս Չերիշեւն ու Խեսեն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում