Լոնդոնի 30-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջինը կներկայացնի հրաձիգ Նորայր Բախտամյանը: NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել Հայաստանի 25 օլիմպիականներին:
Նորայր Բախտամյան. հրաձիգ
Ծնվել է 1970 թվականի նոյեմբերի 1-ին, Երեւանում:
Հրաձգությամբ սկսել է զբաղվել 1985 թվականից: Հայաստանի բազմակի չեմպիոնն: 2004թ. Աթենքի Օլիմպիական խաղերի չորրորդ մրցանակակիր: 2012թ. աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ մրցանակակիր: Եվրոպայի ձմեռային առաջնության 6-րդ մրցանակակիր: 2011 թվականի աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր:
Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել է Մյունխենում կայացած հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում:
Ամուսնացած է:
Նորայր Բախտամյանի անհատական մարզիչն է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:
Ամեն ինչ սկսվեց այսպես…
Հրաձգությամբ զբաղվում եմ արդեն շուրջ 30 տարի: Մարզվել եմ 15 տարեկանից: Մանկուց սիրել եմ զենքի հետ խաղալ: Դեռ փոքր տարիքից ինքս զենքեր էր սարքում ու կրակում: Հիշում եմ` մի անգամ վերջացան փամփուշտներս, եւ ես ստիպված տարբեր տեղերից փորձեցի հայթհայթել դրանք: Ու այդպես ընկերներիցս մեկն ասաց, որ այդ փամփուշտներից կա հրաձգարանում, որտեղ ինքը գնում է կրակելու: Գնացի ընկերոջս ասած տեղը զուտ փամփուշտ ձեռք բերելու: Այնտեղ կրակեցի մի քանի հատ եւ պարզվեց, որ ես լավ եմ կրակում: Մի տարի անց դարձա սպորտի վարպետի թեկնածու, սկսեցի մրցումների մասնակցել ու այսպես ամեն ինչ սկսվեց:
Հրաձիգը պետք է հավասարակշռված լինի…
Հրաձգությամբ սկսել եմ մարզվել Զեյթունի «ՊՄՏԸ» մարզադպրոցում` Խորեն Իգիթյանի մոտ: Նրանից շատ բան սովորեցի` համբերություն, հավասարակռշվածություն: Հրաձգությունը շտապողականություն չի սիրում: Հոգեբանությունը նույնպես կարեւոր դերակատարություն ունի: Նույնիսկ լավ տեսողությունը շատ կարեւոր չէ: Այլ` ուղեղի եւ ընդհանուր մարմնի աշխատանքն է կարեւոր: Այս ամենը ես սովորել եմ իմ մարզիչներից: Այժմ անձնական մարզիչս ՀՀ հրաձգության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանն է:
30 տարի հաջողություններով…
Կյանքիս գլխավոր հաջողությունները համարում եմ Օլիմպիական խաղերին մասնակցելս: 2004 թվականին Աթենքի Օլիմպիական խաղերում գրավել եմ 4-րդ տեղը: Չորս տարի անց 2008-ում` կրկին Օլիմպիական խաղերում էի` այս անգամ Պեկինում. սակայն անհաջող ելույթով: 2012թ. աշխարհի գավաթի խաղարկությունում երկու անգամ 4-րդ մրցանակակիր դարձա: Այս տարվա փետրվարին Ֆինլանդիայի Վերումայկի քաղաքում կայացած Եվրոպայի ձմեռային առաջնությունում վաստակելով 679,6 միավոր՝ գրավեցի 6-րդ հորիզոնականը: 2011 թվականի աշխարհի գավաթի խաղարկությունում` 2-րդն էի, որն էլ ինձ տվեց Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգիր:
Ես գնում եմ Լոնդոն…
Սա իմ երրորդ Օլիմպիական խաղերն են: Գնում եմ` մեդալ բերելու ակնկալիքով: Առաջինն եմ դուրս գալու օլիմպիական մրցաբեմ: Հուլիսի 28-ին՝ օլիմպիական խաղերի մեկնարկից մեկ օր անց կմասնակցեմ 10 մետր, իսկ օգոստոսի 5-ին` 50 մետրից օդամղիչ ատրճանակով մրցաձեւերի մրցումներին:
Լուրջ եմ պատրաստվում այս Օլիմպիական խաղերին: Մարզվում եմ օրը 12 ժամ, հաշված օրեր են մնացել: Առջեւում ունեմ Լվովում կայանալիք Ուկրաինայի բաց առաջնությունը, դրան կհաջորդի ուսումնամարզական կարճ հավաք, այնուհետեւ կմեկնեմ Լոնդոն: Գտնվում եմ լավ մարզավիճակում:
Ակնկալիքներ…
Ակնկալիքներս մեծ են: Լավ ելույթի հույս ունեմ, եւ կարծում եմ հաջողությունն այս անգամ իմ կողմից կլինի: Ինձ դեռ թվում է, որ ինչ-որ մի բան լինելու է: Անբացատրելի զգացում ունեմ: Ցանկանում եմ, որ ընտանիքս շարունակի հպարտանալ ինձանով: Հաջողությունս կնվիրեմ ընտանիքիս, որովհետեւ նրանք են ինձ ոգեշնչում:
Հարգանքներով` Նորայր Բախտամյան, հատուկ NEWS.am Sport-ի համար
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում