Շատ հուզված եմ, այս պահին ինձ միլիոնավոր հույզեր են պատել: Հպարտ եմ, որ հնարավորություն ունեցա Օլիմպիական խաղերում ներկայացնել Հայաստանը: Կրկնակի հպարտ եմ, որ կարողացա նոր տարր մտցնել կանանց սպորտային մարմնամարզությունում, որը կկոչվի Գեբեշյան տարր: Այն ընդունվեց:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռիոյից ասաց 31-րդ Օլիմպիական խաղերում սպորտային մարմնամարզության կանանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, ամերիկահայ Հուռի Գեբեշյանը:
Հուռի Գեբեշյանը մեկնարկեց որակավորման փուլում՝ հանդես գալով բազմամարտի մրցապայքարում: 4 գործիքների ընդհանուր հաշվարկում Հայաստանի առաջին կին օլիմպիական մարմնամարզուհին հավաքեց 53, 743 միավոր: Նոր տարրը Հուռի Գեբեշյանը կատարել է զուգահեռ պտտաձողի վարժությունում:
«Շատ հուզված եմ: Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել Հայաստանը: Այժմ միլիոնավոր հույզեր են ինձ պատում: Ես հպարտ եմ ինձանով, իմ երկրով, որ ներկայացրել եմ Հայաստանը, ու առավել քան հպարտ եմ, որ լավ հանդես եկա:
Գոհ եմ իմ մասնակցությունից, արել եմ իմ ուժերի առավելագույնը: Ես հաջող արել իմ նոր տարրը, ու այն ընդունվել է: Կկոչվի «Գեբեշյան» տարր: Սպորտային մարմնամարզության միջազգային ֆեդերացիան հավանեց եւ ընդունեց այն: Ամենայն հավանականությամբ այդ տարրն ուժի մեջ կմտնի եւ պաշտոնապես կճանաչվի Խաղերից հետո միայն:
Հիմա մենք սպասում ենք վերջնական արդյունքին, քանի որ մասնակիցների դեռ երկու խումբ կա: Ես իմ ուժերի չափով արեցի ամեն ինչ, որպեսզի հայտնվեմ լավագույն 24-ի մեջ:
Մարզիչս՝ Լեւոն Կարախանյանը, եւս գոհ է իմ մրցելույթից: Մենք երկուսս էլ շատ հուզված ենք ու սպասում ենք արդյունքների ամփոփմանը: Հույս ունեմ, որ կհայտնվեմ եզրափակիչում, բայց դեռեւս երկու ենթախումբ կա պայքարի մեջ:
Ռիո-2016-ին մասնակցելն իսկապես եզակի փորձ է յուրաքանչյուր մարզիկի համար: Ինձ համար եւս սա մեծ փորձ էր: Մեծ հույսեր եմ տածում, որ իմ մասնակցությունը կխրախուսի հայ աղջիկներին գնալ իմ հետքերով, զբաղվել մարմնամարզությամբ եւ մասնակցել Օլիմպիական խաղերին»,- ասաց Հուռի Գեբեշյանը:
Հուռի Գեբեշյանի արդյունքը բազմամարտում այժմ ընթացիկ 22-րդն է: Եզրափակիչի 24 մասնակիցները հայտնի կդառնան ավելի ուշ:
Նշենք, որ Հուռի Գեբեշյանի մասնակցությունը Օլիմպիական խաղերում պատմական էր Հայաստանի սպորտային մարմնամարզության պատմության մեջ, քանի որ նա առաջին կին մարմնամարզուհին է, ով ներկայացրեց Հայաստանը Օլիմպիական խաղերում:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում