Ռիոյի Օլիմպիական ավանում տեղի ունեցավ Հայաստանի դրոշի բարձրացման պաշտոնական արարողությունը։ Բրազիլիայի հայերի, հայ օլիմպիականների եւ մյուս երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ հնչել է Հայաստանի օրհներգը, որին ձայնակցում էին Բրազիլիայի հայերը եւ բարձրացվել է հայոց եռագույնը: Մինչ այդ Հայաստանի դրոշն արդեն ծածանվում էր օլիմպիական մայրաքաղաքում, բայց պաշտոնապես Հայաստանի պատվիրակության «բնակեցումը» հաստատվեց օգոստոսի 3-ին:
Խաղերի մեկնարկը կտրվի օգոստոսի 5-ին: Հայաստանը կմասնակցի 33 օլիմպիականներով։ Ռիոյում է գտնվում Հայաստանի պատվիրակության անդամների հիմնական մասը՝ ծանրորդները, բռնցքամարտիկները, լողորդները, աթլետները, հրաձիգը: Օգոստոսի 1-ին Հայաստանի օլիմպիական հավաքականին են միացել նաեւ մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը եւ Հայաստանի առաջին կին օլիմպիական մարմնամարզուհին՝ Հուռի Գեբեշյանը Ամերիկայից: Հավաքականին է միացել նաեւ ձյուդոյի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Հովհաննես Դավթյանը:
Օլիմպիական խաղերի բացմանը Հայաստանի օլիմպիականներից ներկա չեն լինի միայն հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբիշները: Նրանք օլիմպիական թիմին կմիանան օգոստոսի 9-ից:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում