19:11  ,  24 հուլիսի, 2016

Կունգ-ֆուի աշխարհի առաջնություն. Հայաստանը նվաճեց 7 ոսկե մեդալ

Մոսկվայում Մարտարվեստների միջազգային փառատոնի օրերին անցկացված կունգ-ֆուի աշխարհի 5-րդ առաջնությունը Հայաստանի հավաքականի մարզիկներն ավարտեցին յոթ ոսկե, երեքական արծաթե եւ բրոնզե մեդալով՝ թիմային հաշվարկում գրավելով երրորդ տեղը: Առաջին տեղում Ռուսաստանն է, երկրորդ տեղում՝ Չինաստանը: Երկու թիմերն էլ մասնակիցների թվով երեքական անգամ գերազանցում էին Հայաստանի հավաքականին: 

Թիջի մրցաոճում չեմպիոնական տիտղոսներ են նվաճել 55 կգ քաշային Հայկ Գասպարյանը (17-19 տարիքային խումբ), 70 կգ քաշային Դավիթ Կասումյանը (17-19), 50 կգ քաշայիններ Ալբերտ Թորոսյանն ու  Վարդգես Մանասյանը (19+): Աշխարհի փոխչեմպիոն է դարձել 55 կգ քաշային Համիկ Քոչարյանը (19+):

Երրորդ տեղ են գրավել 65 կգ քաշային Էդուարդ Հակոբյանը (17-19) եւ 60 կգ քաշային Աշոտ Հարությունյանը (19+):

Շուայցզյաո (չինական ըմբշամարտ) մրցաոճում Հակոբ Հովհաննիսյանը (35+ տարիքային խումբ) արծաթե մեդալ է նվաճել 70 կգ քաշային կարգում, իսկ Գուրգեն Դանիելյանը (35+)  բրոնզե մեդալակիր է դարձել 75 կգ քաշային կարգում:

Թայցզի տուշոու մրցաոճում Լիլիթ Արզումանյանը (19+ տարիքային խումբ) 52 կգ քաշային կարգում նվաճել է չեմպիոնի տիտղոսը՝ երկու մենամարտերում հաղթելով Ռուսաստանի ներկայացուցիչներին: Նույն տարիքային խմբում աշխարհի չեմպիոն է հռչակվել նաեւ 85 կգ քաշային Արմեն Ղահրամանյանը: Հակոբ Հովհաննիսյանը (35+) ոսկե մեդալ է նվաճել 70 կգ քաշային կարգում, Գուրգեն Դանիելյանը (+35)՝ արծաթե մեդալ, 60 կգ քաշային Արտակ Գրիգորյանը (19+)՝ նույնպես արծաթե մեդալ:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն է Արմեն Հարությունյանը, մարզիչն է Դավիթ Գրիգորյանը: Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի կունգ-ֆուի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանը:

Հայաստանի կունգ-ֆուի ֆեդերացիան աշխարհի առաջնությանը մասնակցելուն աջակցել է Meridian ընկերությունը:

Պարույր Սինյավսկի՝ Մոսկվայից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում