10:10  ,  10 հուլիսի, 2016

«Չեմպիոնս» թիմը՝ «Ֆուտզալ Բիզնես լիգայի» հաղթող

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում ավարտված «Ֆուտզալ Բիզնես լիգայի» A մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճեց «Չեմպիոնս» թիմը: Քանի որ Qnet-ը եւ «Չեմպիոնսը» 10 տուրերում հավաքել են 26-ական միավոր, նշանակվել էր «ոսկե» խաղ, որում «Չեմպիոնսն» առավելության հասավ 3:1 հաշվով:

Առաջին խաղակեսն անցնում էր հավասար պայքարում, բայց դրվագներից մեկում Qnet-ը գոլ բաց թողեց դարպասապահի սխալի հետեւանքով: Ընդմիջումից հետո Qnet-ը կորցրեց պատասխան գոլը խփելու մի քանի իրական հնարավորություններ, ինչից հետո բաց թողեց նաեւ երկրորդ գոլը՝ պաշտպանությունում անհամաձայնեցված գործողության պատճառով: Խաղի վերջին վայրկյաններին թիմերը փոխանակեցին մեկական գոլ, բայց դա չանդրադարձավ վերջնական արդյունքի վրա:

«Չեմպիոնսը» հաղթանակի հասավ գրագետ եւ կազմակերպված խաղի շնորհիվ: Qnet-ի թիմը, չունենալով պահեստայինների երկար նստարան, ամբողջ մրցաշարի ընթացքում ցուցադրեց համախմբած ու դիտարժան խաղ եւ, միանշանակ, նույնպես արժանի էր չեմպիոնությանը: Այս հաղթանակի շնորհիվ «Չեմպիոնսը» հնարավորություն է ստացել առանց մուտքավճարի մասնակցել ֆուտզալի Հայաստանի առաջնությանը:

«Ֆուտզալ Բիզնես լիգայի» բոլոր տուրերն անցան լարված ու հետաքրքիր պայքարում: Շատ հանդիպումներ խաղի որակով ու դիտարժանությամբ չէին զիջում ֆուտզալի Հայաստանի առաջնության հանդիպումներին:

Մրցաշարի լավագույն խաղացող ճանաչվեց Մերուժան Աբգարյանը («Չեմպիոնս»), իսկ լավագույն ռմբարկուի մրցանակը բաժին հասավ 25 գոլ խփած Վահան Սարգսյանին («QNET»):

«Ֆուտզալ Բիզնես լիգայի» A մրցաշարին մասնակցեցին նաեւ Marquis, «Վերածնունդ», «Ավան», «Արմենիա Թրավել», «Լաս Պալմաս», «Իխտուս» «Մալաթիա», ՀՌՀ (РАУ) եւ News.am թիմերը:

Մրցաշարի վերջում ՀՖՖ ֆուտզալի եւ կանանց ֆուտբոլի բաժանմունքի պետ Խորեն Զարգարյանը պատմել է, թե ինչու է ՀՖՖ-ն ընդունել «Ֆուտզալ Բիզնես լիգա» ՀԿ-ի հետ համագործակցության առաջարկը:

«Քանի որ «Ֆուտզալ Բիզնես լիգա» ՀԿ նախագահ՝ պրն. Ռուբեն Նազարեթյանը ծրագիր ներկայացրեց ֆուտզալի զարգացմանն ու մասսայականցմանը հետապնդող, ՀՖՖ-ն միանգամից դրական արձագանքեց, որովհետեւ ներկայացված ծրագրում կար մի նպատակ՝ ֆուտզալի զարգացումն ու մասսայականացումը Հայաստանում: Փաստորեն մեր ծրագրերը համապատասխանեցին ՖԲԼ ծրագրային դրույթներին, այդ պատճառով որոշեցինք համագործակցել, ինչի առումով նաեւ շնորհավորում եմ բոլորիս: Ավելացնեմ նաեւ, որ A լիգա մրցաշարի հաղթող թիմը՝ «Չեմպիոնսը», իրավունք ստացավ մասնակցելու ՀՀ  առաջնությանը առանց մուտքավճարի՝ ըստ մեր երկկողմ համագործակցության պայմանագրի:

Շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին եւ ցանկանում նորանոր նվաճումներ, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնում եւս մեկ անգամ «Ֆուտզալ Բիզնես լիգային», քանի որ վստահ եմ, որ այս ծրագրով մենք Հայաստանում լուրջ հաջողությունների կհասնենք ֆուտզալի զարգացման գործում:

Մեր նպատակը ֆուտզալի զարգացումն ու մասսայականացումն է եւ հետագայում էլ ավելի շատ թիմեր ներգրավելը ՀՀ առաջնությանը: Նմանատիպ մրցաշարերը, կարծում եմ, թիմերի համար մեծ փորձ է»,- ասել է Խորեն Զարգարյանը:

Ֆոտո՝ Fbl.am

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print