18:06  ,  8 հուլիսի, 2016

Ռիո-2016. Հայաստանի օլիմպիականները. Արթուր Դավթյան (ֆոտո)

NEWS.am Sport-ը ներկայացնում է 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում մասնակցելու իրավունք ձեռք բերած Հայաստանի օլիմպիականներին: Օլիմպիական խաղերի մեկնարկը կտրվի օգոստոսի 5-ին Ռիո դե Ժանեյրոյում:

Արթուր Դավթյան. սպորտային մարմնամարզություն, հենացատկ

Ծնվել է 1992 թվականի օգոստոսի 8-ին:

Ամուսնացած չէ:

Ֆինլանդիայում անցկացված օլիմպիական փառատոնի մրցաշարում (2009) բազմամարտում զբաղեցրել է 6-րդ տեղը, հենացատկերում՝ 7-րդ տեղ, զուգափայտերի մրցումներում՝ 6-րդ տեղ, օղակների վարժությունում՝ 9-րդ տեղ, Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող է հենացատկում (2010),  նույն առաջնությունում նժույգի վարժությունում՝ բրոնզե մեդալակիր,  Հայաստանի բազմակի չեմպիոն, 2015թ. աշխարհի գավաթի խաղարկությունում գրավել է 4-րդ տեղ, 2016թ. Եվրոպայի փոխչեմպիոն է:

Ռիո-2016-ի ուղեգիրը նվաճել է օլիմպիական փորձամրցման ժամանակ, որին մասնակցելու իրավունք էր ձեռք բերել 2015թ. աշխարհի առաջնությունում:

Անձնական մարզիչն է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Ամեն ինչ սկսվեց...

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ փոքր տարիքում շատ չար էի ու ճարպիկ: Ծնողներս որոշեցին, որ պետք է ճարպկությունս ու չարաճճիություններս մարզադահլիճում սպառեմ: Ընտրեցին հենց մարմնամարզությունը, որովհետեւ տանը մարմնամարզության բնորոշ տարրեր շատ էի անում: Ալբերտ Ազարյանի մարզադպրոցում Հակոբ Սերոբյանի մոտ մի քանի տարի մարզվելուց հետո ընտանիքով տեղափոխվեցինք Ռուսաստան, որտեղ շարունակում էի մարզվել: Երբ վերադարձանք հայրենիք, արդեն իմ ցանկությամբ վերականգնեցի մարզումներս ընկեր Հակոբի մոտ: Արդեն սիրել էի այս մարզաձեւը եւ ցանկանում էի անպայման շարունակել:

Որքանով ինձ հիշում եմ, առաջին տարիները չուզենալով էի գալիս, ինձ դուրս չէր գալիս, որ իմ կամքին հակառակ ծնողներս բերում էին մարզումների: Բայց երբ տեղափոխվեցինք Ռուսաստան ու այնտեղ շարունակեցի մարզվել, քիչ-քիչ հասկացա, որ սիրում եմ այս մարզաձեւը ու ուզում եմ Հայաստանում շարունակել մարզվել: Այս մարզաձեւը ուղղակի հնարավոր չէ չսիրել, երբ մանկուց զբաղվում ես որեւէ սպորտով, այն անկախ քո կամքից, դառնում է քո կենսակերպը, ամեն օր ուզում ես մտնել մարզադահլիճ եւ մարզվել: Իսկ երբ արդեն հաջողություններ ես ունենում, հաղթանակներ, արդեն կտրվել հնարավոր չի լինում: Նույնը եւ ինձ մոտ է, թմրանյութի պես մի բան է դարձել մարմնամարզությունն ինձ համար:

Ռիո-2016-ի ուղեգիրը նվաճեցի...

Ռիո-2016-ի ուղեգիրն այդքան էլ հեշտ չտրվեց ինձ: Մյուս մարզաձեւերի պես չէր, որ մի քանի վարկանիշային մրցաշարեր լինեն եւ դրանցից մեկում նվաճես ուղեգիր: Առհասարակ մեր մարզաձեւում միայն օլիմպիական մրցաշրջանի վերջին աշխարհի առաջնության 1-3-րդ տեղերն են ուղեգիր տալիս: Մենք ուղեգիր նվաճելու հնարավորություն ունեինք միայն 2015 թվականին Գլազգոյում կայացած աշխարհի առաջնությունում: Մրցումից առաջ ես առողջական խնդիրներ ունեի եւ տեւական ժամանակ չէի կարողանում մարզվել: Գլազգո մեկնեցի գրեթե առանց մարզվելու եւ լիարժեք մարզավիճակում: Գնում էի փորձության՝ ինչ կլինի: Այդ շրջանում ուժեղ գլխապտույտներ ունեի եւ չէի կարողանում իմ տարրերը լիարժեք կատարել: Բայց մրցելույթից առաջ ինձ լիարժեք տրամադրեցի եւ մասնակցեցի. անգամ չէի կարող բաց թողնել, քանի որ ուղեգիր նվաճելու իմ միակ հնարավորությունն էր: Ինչպես եւ սպասվում էր, այդքան էլ հաջող հանդես չեկա, մեդալ չնվաճեցի, բայց օլիմպիական փորձամրցմանը մասնակցելու իրավունք ձեռք բերեցի, որը կայանալու էր 2016-ի ապրիլին, Ռիոյում: Արդեն փորձամրցմանը հաջող հանդես եկա եւ բաղձալի ուղեգիրը հասավ ինձ:

Ես գնում եմ Ռիո...

Ռիո-2016-ն իմ երկրորդ Օլիմպիական խաղերն է, մասնակցել են նաեւ Լոնդոն-2012-ին: Կարծես՝ պետք է ավելի հանգիստ լինեմ, արդեն մեկ անգամ ապրել եմ այդ ամենը, զգացել եմ՝ ինչ է Օլիմպիական խաղերին մասնակցելը, բայց միեւնույն է. լարվածություն կա Խաղերից առաջ: Օլիմպիական խաղերը շատ լուրջ ու պատասխանատու մրցում է, յուրաքանչյուր մարզիկի կյանքի ամենակարեւոր մրցումն է: Սխալվելու ու վրիպելու իրավունք չունես, քանի որ գուցե այլեւս Խաղերին մասնակցելու հնարավորություն չունենաս: Լավ է, որ մեկ անգամ արդեն տեսել եւ ապրել եմ Օլիմպիական խաղերով: Դա ինձ կօգնի, որ մի կողմ դնեմ լարվածությունս ու կենտրոնանամ իմ ցատկի վրա: Մարզիչս եւ ես ամեն ինչ անում ենք, որ լավ հանդես գանք Խաղերում, անենք այն, ինչ կարողանում ենք անել: Եթե Լոնդոնի Օլիմպիական խաղերում ամեն ինչ նոր էր, ես՝ երիտասարդ, Ռիոյում ամեն ինչ ավելի հաստատուն, վստահ ու արդեն որպես փորձ ունեցող օլիմպիական դուրս կգամ մրցահարթակ:

Գնում եմ Ռիո, երազանքիս հետեւից: Երազանքս օլիմպիական չեմպիոն դառնալն է, ինչպես Խաղերին մասնակցող յուրաքանչյուրինը:

Սպասումներ, հույսեր...

Առանց սպորտային բախտի հաջողությունը քեզ չի ժպտա: Սպորտային բախտ պետք է ունենամ, որ հույսերս արդարացվեն: Դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի օլիմպիական մրցահարթակում, ինչպես հանդես կգամ, ինչ արդյունք ցույց կտամ: Այնտեղ բոլորն էլ պայքարելու են հաղթողի կոչմանն արժանանալու համար, ես նույնպես: Հույսերս մեծ են. բայց չեմ խոստանում, որ ոսկե մեդալ կնվաճեմ: Ինձ համար այս պահին մեդալի գույնը նշանակություն չունի, ոսկի լինի, արծաթ, թե բրոնզ, հույս ունեմ, ու շատ եմ ուզում հավատալ, որ մեդալով կվերադառնամ հայրենիք: Ինձ համար օլիմպիական մեդալն արդեն հաղթանակ կլինի Հայաստանի պայմաններում մարզվելուց հետո: Ինձ թվում է լավ կլինի, եթե ես լիարժեք անեմ այն, ինչ կարողանում եմ:

Անձնական մարզիչ Հակոբ Սերոբյան. (որպես մրցավար սպասարկելու է Ռիոյի Օլիմպիական խաղերը)

Արթուր Դավթյանը յուրահատուկ հնարավորությունների տեր մարզիկ է: Մեր համատեղ աշխատանքը շատ հետաքրքիր է ստացվում. դժվարություններ էլ են ունենում, լինում է՝ ինձ զայրացնում է, բայց ինձ համար հաճույք է՝ Արթուրի նման մարզիկի հետ աշխատելը: Որպես մարդ էլ՝ լավ մարդ է: Ինձ կողքից շատ են ասում, ես հպարտանում եմ: Պարզ մարդ է, լավ ընկեր է, ապագայում ընտանիքի լավ հայր կլինի, վստահ եմ, որ լավ ընտանիք կպահի:

Ռիո-2016-ում Արթուրից սպասելիքները մեծ են. շատ մոտ է: Նա իր անելիքը լավ գիտի: Ոչինչ չի խնայում, որ բոլորիս սպասելիքները արդարացնի: Մենք չենք գնում Ռիո ուղղակի մասնակցության համար: Արդեն անցել են այդ ժամանակները: Գնում ենք մեդալի համար պայքարելու: Թե ինչ կլինի, Խաղերը ցույց կտան:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News