13:01  ,  1 հուլիսի, 2012

Կողմ եւ դեմ. Իսպանիա vs Իտալիա

Հուլիսի 1-ին Կիեւի «Օլիմպիական» ստադիոնում կկայանա 2011/2012թթ. մրցաշրջանի ամենասպասված ֆուտբոլային հանդիպումներից մեկը՝ Եվրո-2012-ի եզրափակիչը: Իսպանիայի եւ Իտալիայի հավաքականները կորոշեն Եվրոպայի ուժեղագույն ազգային թիմին: Այս հանդիպումը չէր կարող վրիպել «Կողմ եւ դեմ» խորագրի «փաստաբանների» ուշադրությունից: Այս անգամ Իտալիայի հավաքականի պաշտպանը Հակոբ Վարդանյանն է, իսկ Իսպանիայի թիմի շահերը ներկայացնում է Դավիթ Եղիազարյանը: «Փաստաբանները» թիմային նախասիրություն չունեն, դերաբաշխումը կատարվել է պատահականության սկզբուքնով: 

Դավիթ Եղիազարյան, Իսպանիայի փաստաբան

1. Պատմական հաջողությունն այսքան մոտ է...

Մինչեւ օրս ոչ մի հավաքականի չի հաջողվել երեք անգամ անընդմեջ հաղթող ճանաչվել խոշոր մրցաշարերում: Աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը շատ մոտ է պատմական հաջողությանը, սակայն իսպանացիների մոտ դեռ ինչ-որ բան չի ստացվում: Վիսենտե Դել Բոսկեի թիմը դուրս է եկել եզրափակիչ, բայց Եվրո-2012-ում դժվար է մտաբերել մեկ հանդիպում, որում իսպանացիները ցուցադրած լինեն իրենց բնորոշ ֆուտբոլ: Թերեւս բացառություն է կազմում իռլանդացիների հետ խաղը, որում ընդհանրապես պայքար չստացվեց, քանի որ Ջովանի Տրապատոնիի թիմը կարգով ու ցուցադրած խաղով զգալիորեն զիջում էր Եվրո-2012-ին մասնակցող թիմերին: Նախ իսպանացիները լուրջ խնդիրներ ունեցան Իտալիայի հետ խաղում, հետո հեշտությամբ հաղթեցին իռլանդացիներին, իսկ խմբային փուլի վերջին տուրում նվազագույն հաշվով անգույն ու անհետաքրքրի հաղթանակ տարան Խորվաթիայի հավաքականի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Դել Բոսկեի թիմը ապացուցեց, որ կարգով շատ ավելի բարձր է Ֆրանսիայի հավաքականից, սակայն այդ խաղում եւս իսպանացիները հեռու էին իրենց լավագույն խաղից: Հաղթանակ 2:0 հաշվով եւ խաղի երկու գոլերն էլ խփում է հենակետային կիսապաշտպան Չաբի Ալոնսոն. սա խոսում է թիմի կաղացող հարձակողական ներուժի մասին: Թվում էր, թե Դել Բոսկեի թիմը վերջապես կցուցադրի իր խաղը կիսաեզրափակիչում, սակայն այստեղ եւս չկար իսպանական ռոմանտիկ ֆուտբոլը: Պորտուգալացիները նույնիսկ ավելի հետաքրքիր տեսք ունեին, սակայն պարտվեցին հետխաղյա 11 մետրանոցներով: Հիմա մնում է մեկ՝ վճռորոշ հանդիպում, որում հաղթելու դեպքում իսպանացիները վերջ կդնեն բոլոր խոսակցություններին, իսկ երկրպագուները կմոռանան աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնի ցուցադրած անգույն ֆուտբոլը: Իսպանիայի հավաքականն իր լավագույն խաղը պահել է եզրափակիչի համար եւ այդ խաղում կապացուցի, որ պատահական չի կրում աշխարիհ եւ Եվրոպայի գոծող չեմպիոնի տիտղոսը:

2. Դել Բոսկեի անակնկալները

Եվրո 2012-ից առաջ շատ ֆուտբոլային մասնագետները քննարկում էին, թե հարձակման գծում ո՞ւմ կվստահի Դել Բոսկեն՝ հիանալի մրցաշրջան անցկացրած Լյորենտեին, թե իր լավագույն մարզավիճակից շատ հեռու Տորեսին: Իսպանացի մասնագետը զարմացրեց բոլորին՝ առաջին խաղում թիմի մեկնարկային կազմում չընդգրկելով ոչ մի հարձակվողի: Բոլորը կիսապաշտպաններ էին, իսկ հարձակման կենտրոնում խաղում էր Ֆաբրեգասը: Շատերը շտապեցին քննադատել մարզիչին, իսկ ոմանք էլ նշեցին, որ նման կազմի դեմ խաղալն ավելի դժվար է: Յուրաքանչյուր պահի կիսապաշտպաններից մեկը կարող է հայտնվել հարձակման կիզակետում եւ վճռել խաղի ելքը: Երկրորդ խաղում Տորեսը ընդգրկվեց մեկնարկային կազմում եւ դարձավ դուբլի հեղինակ: Խորվաթների դեմ եւս խաղաց Տորեսը, սակայն նա չարդարացրեց սպասելիքները եւ քառորդ եզրափակիչում դարձյալ խաղադաշտ դուրս եկավ առաջին հանդիպման կազմը, այսինքն՝ առանց հարձակվողի: Թվում էր, թե Դել Բոսկեն մոռացել է մյուս հարձակվողների՝ Լյորենտեի եւ Նեգրեդոյի մասին, սակայն կիսաեզրափակիչում մարզիչը հերթական անգամ զարմացրեց բոլորին՝ խաղադաշտ դուրս բերելով Ալվարո Նեգրեդոյին: «Սեւիլիայի» հարձակվողը ոչնչով աչքի չընկավ պորտուգալացիների հետ խաղում: Այնպիսի տպավորություն էր, կարծես Նեգրեդոն չէր հասկանում, թե ում դեմ է խաղում եւ որ թիմի մարզաշապիկով: Դել Բոսկեն արդեն զարմացրել է բոլորին, եւ չի բացառվում, որ եզրափակիչում նա խաղալու հնարավորություն կտա բասկ հարձակվող Ֆերնանդո Լյորենտեին, ով ոչ մի հանդիպման չի մասնակցել Եվրո-2012-ում եւ կարող է դառնալ իսպանացիների հաղթաթուղթը:

3. Կիսապաշտպանությունը լուծում է բոլոր խնդիրները

Իսպանիայի հավաքականի հաղթաթուղթը, միանշանակ, հզորագույն կիսապաշտպանությունն է: Չավի, Ինյեստա, Ալոնսո, Սիլվա, Բուսկետս. իրոք որ դժվար է ավելի ուժեղ կիսապաշտպանների հնգյակ կազմել: Իսպանացիները երբեք չեն փայլել հուսալի պաշտպանությամբ, իսկ այս մրցաշարում չունեն նաեւ հարձակման ուժեղ գիծ, սակայն կա ֆանտաստիկ կիսապաշտպանությունը, որը փակում է թիմի բոլոր թերությունները: Երբ ստացվում է իսպանացի կիսապաշտպանների խաղը, նրանց կանգնեցնելն ուղղակի անհնար է: Երբ Իսպանիայի հավաքականը հաղթում է 1:0 հաշվով, դա հավասարազոր է 3:0 հաշվին, քանի որ մրցակիցը միեւնույն է հնարավորություն չի ստանում գրոհելու: Չնայած, Չավիի մոտ այս մրցաշարում ինչ-որ բան չի ստացվում, սակայն Իսպանիայի հավաքականում կան նաեւ Դավիդ Սիլվան ու Անդրես Ինյեստան, որոնք կարող են լուրջ խնդիրներ լուծել ցանկացած մրցակցի դեմ խաղում: Պետք չէ մոռանալ նաեւ հենակետայինների մահացու զույգին՝ Ալոնսոյին ու Բուսկետսին, որոնք պարզապես չեն սխալվում խաղադաշտում՝ ապացուցելով, որ հիմնականում «սեւագործ» աշխատանքով զբաղված ֆուտբոլիստները նույնպես կարող են հիացմունք պատճառել երկրպագուներին:

4. Իտալացիներն արդեն զարմացրել են

Իտալիայի հավաքականը, միանշանակ, չափազանց լավ տպավորություն թողեց Եվրո-2012-ում եւ արժանիորեն հասավ մինչեւ եզրափակիչ: Կարելի է ասել՝ Չեզարե Պրանդելիի թիմը նույնիսկ զարմացրեց, քանի որ դժվար է հիշել մի մրցաշար, որում իտալացիներն այսքան տպավորիչ ֆուտբոլ ցուցադրած լինեին: Սակայն, եթե իսպանացիներն իրենց լավագույն խաղը թողել են եզրափակիչի համար, ապա իտալացիները կիսաեզրափակիչում խաղացին այնպիսի ֆուտբոլ, որից ավելին անել ուղղակի անկարող են: Իտալիայի թիմը դժվար թե կարողանա նոր բան առաջարկել հզոր մրցակցին, քանի որ արդեն ցույց է տվել իր ուժերի առավելագույն սահմանը: Բացի այդ, իտալացիները շատ ավելի ծանր իրավիճակում են, քանի որ նախորդ վեց օրվա ընթացքում անցկացրել են երկու շատ բարդ հանդիպում, իսկ Պրանդելին դժվար թե լուրջ փոփոխություններ կատարի մեկնարկային կազմում: Իսպանացիները մեկ օր ավելի են հանգստացել կիսաեզրափակիչից հետո: Իսպանիայի հավաքականի նախորդ հանդիպումներում այնպիսի տպավորություն էր, կարծես իսպանացիների բոլոր խաղերում խնայում էր ուժերը՝ մրցաշարը տպավորիչ ձեւով ավարտելու համար: Դել Բոսկեի թիմը վերջապես պետք է խաղա իր ֆուտբոլը եւ նվաճի պատմական բարձունքը: 

 

Հակոբ Վարդանյան. Իտալիայի փաստաբան

1. Երգված երգը

1. Այն, որ Իսպանիայի հավաքականը չի ցուցադրում այն խաղը, որը նրան հաջողություն բերեց աշխարհի առաջնությունում, նշում են գրեթե բոլոր ֆուտբոլային մասնագետները: Չնայած, դա նկատելու համար մասնագետ լինել անպայման չէ: Եվրո-2012-ում Վիսենտե Դել Բոսկեի թիմը ոչ մի նոր բան չցուցադրեց, ոչնչով չզարմացրեց մրցակիցներին եւ նույնիսկ չկարողացավ ցուցադրել սպասված ֆուտբոլը: Իսպանացիները եզրափակիչ դուրս եկան փորձի, կատարողական վարպետության եւ, ինչու ոչ, հաջողության գործոնի շնորհիվ, սակայն այդպես հեռու գնալ չես կարող: Իտալիայի հավաքականը խաղից խաղ ավելի տպավորիչ ֆուտբոլ է ցուցադրում: Իտալացիները գնալով ավելի ուժեղ են դառնում եւ, երեւի, Չեզարե Պրանդելին մի քանի անակնկալներ է պատրաստել Դել Բսկեի համար:  

2. Ենթահարձակվողները

Իտալացիների հետ առաջին խաղում Դել Բոսկեն զարմացրեց բոլորին՝ ընտրելով կազմ, որում չկային հարձակվողներ: Նախորդ հանդիպումները ցույց տվեցին, որ իսպանացի մասնագետը ստիպված է նման քայլի դիմել. Վիլյայի բացակայությունը խառնեց նրա բոլոր խաղաթղթերը: Տորեսի մարզավիճակը չի գոհացնում մարզիչին, Նեգրեդոն չունի համապատասխան խաղամակարդակ, իսկ հզոր Լյորենտեն չի համապատասխանում թիմի խաղաոճին: Կա նաեւ Պեդրոն, սակայն նա կենտրոնական հարձակվողի դիրքում երբեք չի խաղացել, բացի այդ, նա մրցաշրջանի մեծ մասը բաց թողեց վնասվածքի հետեւանքով: Պեդրոն հնարավորություն ստացավ մասնակցել Եվրո-2012-ին, քանի որ առաջնության վերջնամասում մի քանի լավ հանդիպումներ անցկացրեց: Մարզիչը ստիպված հարձակվողի դիրքում խաղադաշտ է դուրս բերում կիսապաշտպաններից մեկին՝ այս դեպքում Ֆաբրեգասին:

Ինչ վերաբերվում է իտալացիներին, ապա Պրանդելիի թիմի հարձակման գիծն այնքան հզոր է, որ հիմնական կազմում չի ընդգրկվում Անտոնիո Դի Նատալեի պես գերարդյունավետ հարձակվողը: Ավելին ասել ուղղակի պետք չէ: 

3. Մաեստրոն ու թիկնապահը

Ասուլիսներից մեկում Չեզարե Պրանդելին հայտարարեց, որ իր թիմի կիսապաշտպանությունը չի զիջում իսպանացիներին: Այս օղակում խաղում են երկու ֆուտբոլիստներ, որոնց իր թիմում, միանշանակ, կցանկանար տեսնել նաեւ Դել Բոսկեն: Ադրեա Պիրլո եւ Դանիելե Դե Ռոսի: Առաջինը տիրապետում է փոխանցումների այլմոլորակային կուլտուրայի, իսկ երկրորդն աշխարհում լավագույններից է իր դիքում: Պիրլոն փոխանցումներ է բաժանում՝ կառավարելով իտալացիների խաղը, իսկ Դե Ռոսին հաղթում է բոլոր միկրոմենամարտերը՝ կատարելով «սեւագործ» ու շատ կարեւոր աշխատանք: Այս երկու ֆուտբոլիստները լրացնում են միմյանց, եւ Դել Բոսկեն պատք է շատ մտածի, նրանց դեմ հակախաղ գտնելու համար. Յոախին Լյովն այդպես էլ չգտավ այդ հակախաղը:

4. Մարզավիճակը

Կիսաեզրափակիչի՝ Գերմանիա – Իտալիա խաղից առաջ գերմանացիները երկու օր ավելի հանգստացան, սակայն դա ոչ մի կերպ չազդեց խաղի արդյունքի վրա: Իտալացիները պարզապես թռչում էին խաղադաշտում: Պրանդելիի թիմը հասունացավ մրցաշարի ընթացքում՝ խաղից խաղ ցուցադրելով ավելի լավ ֆիզիկական պատրաստվածություն: Խմբային փուլի առաջին տուրում իտալացիները ոչնչով չզիջեցին իսպանացիներին, միայն խաղի վերջնամասում զգացվեց դիմացկանության խնդիրը: Նույնը տեղի ունեցավ նաեւ խորվաթների հետ խաղում, սակայն հետագայում թիմը սկսեց ավելի հավասար բաշխել ուժերը՝ մեկ շնչով անցնելով փլեյ-օֆֆը: Եզրափակիչից առաջ իսպանացիները մեկ օր ավելի են հանգստացել, սակայն, պարզվում է, որ իտալացի մասնագետները հրաշքներ են գործում ֆիզպատրաստության հարցում: Այդ իսկ պատճառով եզրափակիչում եւս կտեցնենք Իտալիայի հավաքականի հերթական թռիչքը:

Իսպանիա – Իտալիա. Կիեւ, «Օլիմպիական»` 22:45

Մրցավար` Պեդրու Պրոենսա (Պորտուգալիա)

Բուքմեքերական կանխատեսում.

Իսպանիայի հաղթանակ` 2.2

Ոչ ոքի՝ 3.2

Իտալիայի հաղթանակ` 3.5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով