00:49  ,  19 հունիսի, 2016

Եվրո-2016. Ռեկորդակիր Ռոնալդուի վրիպումն ու Պորտուգալիայի երկրորդ ոչ ոքին (ֆոտոշարք)

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականը շարունակում է միավորներ կորցնել Ֆրանսիայում ընթացող Եվրո-2016-ում: Երկրորդ տուրում պորտուգալացիները գոլազուրկ ոչ ոքի խաղացին ավստրիացիների հետ՝ չհաղթելով երկրորդ խաղում անընդմեջ:

Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում կայացած խաղի մեկնարկում Ավստրիայի թիմը կարող էր բացել հաշիվը, բայց «Շտուտգարտի» կիսապաշտպան Մարտին Հարնիկը երրորդ րոպեին ներեց պորտուգալացիներին՝ հարմար դիրքից կատարելով գլխի շեղ հարված: Սկզբնամասում պորտուգալացիներն ավելի ակտիվ էին եւ առաջին իրական գոլային պահը ստեղծեցին 12-րդ րոպեին, երբ Նանիի հարվածից հետո ավստրիացի դարպասապահ Ռոբերտ Ալմերը փրկեց իր թիմին: Պորտուգալիան շարունակում էր գրոհել եւ 21-րդ րոպեին կորցրեց եւս մեկ իրական պահ: Այս անգամ հարվածային դիրքում էր հայտնվել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որի հարվածը շեղ ստացվեց: Իսկ ահա Նանիի հաջորդ հարվածից հետո Ավստրիային գոլից փրկեց դարպասաձողը: Առաջին խաղակեսում խաղի տեմպը բավական բարձր էր: Ավստրիացիները քիչ էին գրոհում, իսկ Պորտուգալիան ակտիվացավ նաեւ խաղակեսի վերջնամասում, բայց թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ:

Ընդմիջումից հետո Պորտուգալիայի առավելությունն ավելի մեծացավ: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում ավստրիացիների դարպասապահին մի քանի անգամ անհանգստացրեց Ռոնալդուն, որի գոլ խփելու ցանկությունը շատ մեծ էր: 78-րդ րոպեին Ռոնալդուն վաստակեց 11 մետրանոց հարվածի իրավունք: 11 մետրանոցի նշակետին մոտեցավ, իհարկե, տուժողը, որի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Դա Պորտուգալիայի վերջին գոլային պահն էր այս խաղում, որում գրանցվեց 0:0 հաշիվը:

31-ամյա Ռոնալդուն դարձավ Պորտուգալիայի հավաքականում ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստը: Սա նրա 128-րդ հանդիպումն էր ազգային թիմում: Նա գերազանցեց Լուիշ Ֆիգուի ռեկորդը: «Ռեալի» ու «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպանը Պորտուգալիայի հավաքականում անցկացրել է 127 խաղ: Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում նորամուտը նշել է 2003-ին եւ մինչեւ օրս խփել 58 գոլ: Ֆիգուն ազգային թիմում հանդես է եկել 1991-2006-ը եւ դարձել 32 գոլի հեղինակ: Լեգենդար պորտուգալացին Պորտուգալիա - Ավստրիա խաղին հետեւում էր «Պարկ դե Պրենսի» տրիբունայից:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Ավստրիան 0:2 հաշվով պարտվել էր Հունգարիային, իսկ Պորտուգալիան 1:1 հաշվով էր ավարտել Իսլանդիայի դեմ խաղը: Երկրորդ տուրում Իսլանդիան ու Հունգարիան չէին պարզել հաղթողին՝ 1:1: Խմբային փուլի վերջին տուրում հունիսի 22-ին կկայանան Պորտուգալիա – Հունգարիա եւ Ավստրիա – Իսլանդիա դիմակայություններ:

Եվրո-2016, երկրորդ տուր

F խումբ

Պորտուգալիա - Ավստրիա՝ 0:0

Չիրացված 11 մետրանոց՝ Կրիշտիանու Ռոնալդու, 78

Պորտուգալիա. Ռուի Պատրիսիու, Վիեյրինյա, Պեպե, Ռիկարդու Կարվալյու, Ռաֆայել Գերերո, Ժոաո Մոուտինյո, Վիլիամ Կարվալյու, Անդրե Գոմեշ (Էդեր, 83), Լուիշ Նանի (Ռաֆա Սիլվա, 89), Ռիկարդու Կուարեժմա (Ժոաո Մարիու, 71), Կրիշտիանու Ռոնալդու:

Ավստրիա. Ռոբերտ Ալմեր, Մարտին Հինտերեգեր, Սեբաստիան Պրյոդլ, Կրիստիան Ֆուքս, Ֆլորիան Կլայն, Շտեֆան Իլզանկեր (Կեւին Վիմեր, 87), Յուլիան Բաումգարտլինգներ, Մարտին Հարնիկ, Դավիդ Ալաբա (Ալեսանդրո Սչոֆ, 65), Մարկո Արնաուտովիչ, Մարսել Զաբիտցեր (Լուկաշ Հինտերսեր, 85):

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով