00:56  ,  16 հունիսի, 2016

Եվրո-2016. Ֆրանսիացիները դարձյալ հաղթանակ կորզեցին վերջին վայրկյաններին (ֆոտոշարք)

Ֆրանսիայում անցկացվող Եվրո-2016-ի A խմբի երկրորդ տուրում տանտերերը մրցեցին Ալբանիայի հավաքականի հետ եւ, անցկացնելով 2 շատ տարբեր խաղակեսեր, հաղթանակ կորզեցին վերջին րոպեներին ու ապահովեցին փլեյ-օֆֆի ուղեգիր: Մարսելում կայացած խաղում գրանցվեց 2:0 հաշիվը, իսկ ալբանացիները դիմացան մինչեւ 90-րդ րոպեն:

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն առաջին խաղի համեմատ մեկնարկային կազմում կատարել էր 2 փոփոխություն՝ Պոլ Պոգբայի ու Անտուան Գրիզմանի փոխարեն խաղադաշտ դուրս բերելով Կինգսլի Կոմանին ու Անտոնի Մարտիալին:

Մարսելում կայացած հանդիպման հենց մեկնարկից ֆրանսիացիները վերցրեցին գնդակը եւ վերահսկում էին այն, բայց ալբանացիների հրաշալի պրեսինգը տանտերերին թույլ չէր տալիս խաղը տեղափոխել մրցակցի կիսադաշտ: Ալբանացիները նույնպես չէին մոռանում գրոհելու մասին, թեեւ դրանք վտանգավոր չէին ստացվում: Ֆրանսիայի սակավաթիվ գրոհներին պակասում էր արագությունը: Դեշամի թիմը քիչ էր շարժվում առանց գնդակի, ինչի պատճառով խաղ կառուցող կիսապաշտպանները հաճախ էին ստիպված լինում հետ փոխանցում կատարել պաշտպաններին: Ֆրանսիացիները նաեւ թույլ էին տալիս խաղալ մրցակցին, ինչի արդյունքում խաղն աստիճանաբար հավասարվեց: Դաշտի տերերն առաջին խաղակեսում չունեցան գոլային պահեր, իսկ Ալբանիան վերջնամասում ակտիվացել էր եւ խաղարկեց նաեւ շատ վտանգավոր անկյունային հարված: Ֆրանսիացիները մրցակցին գերազանցում էին միայն տարածքային առավելությամբ, որը ոչինչ չէր տալիս նրանց:

Ընդմիջմանը Դիդյե Դեշամը խաղադաշտ դուրս բերեց Պոգբային, իսկ երկրորդ խաղակեսում պատկերը ամբողջությամբ փոխվեց: Ընդմիջումից հետո ֆրանսիացիները շատ ավելի վտանգավոր ու հետաքրքիր էին գրոհում, թեեւ 52-րդ րոպեին գնդակը կարող էր հայտնվել նրանց դարպասում, եթե չդիպեր դարպասաձողին: Ֆրանսիայի առավելությունն աստիճանաբար ավելի էր մեծանում, իսկ մեծ ճնշման տակ հայտնված ալբանացիներն արդեն նահանջել էին սեփական կիսադաշտ: Ֆրանսիան մրցակցին գերազանցում էր արագությամբ: Երկրորդ խաղակեսի միջնամասում 2 լավ պահ ունեցավ «Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն: Ֆրանսիացու գլխի 2 հարվածներից առաջինը շեղ ստացվեց, իսկ երկրորդից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Ժամանակն անցնում էր, իսկ տանտերերը չէին կարողանում առավելությունը վերածել գոլի: Ալբանիայի հավաքականը կարծես մոտենում էր Եվրոպայի առաջնություններում իր առաջին միավորին, սակայն վերջնամասում սայթաքեց: Փոխարինման դուրս եկած Անտուան Գրիզմանը 90-րդ րոպեին գլխի հարվածով խփեց ֆրանսիացիների հաղթական գոլը, որին ուժասպառ եղած Ալբանիան պատասխանել չկարողացավ: Փոխարենը նախորդ խաղի հերոս Դիմիտրի Պայետն ավելացված ժամանակում նաեւ կրկնապատկեց Ֆրանսիայի առավելությունը՝ վերջակետ դնելով խաղին: Ալբանացիները կրեցին երկրորդ պարտությունը՝ դարձյալ թողնելով լավ տպավորություն:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Ֆրանսիան 2:1 հաշվով հաղթել է Ռումինիային, իսկ Ալբանիան նվազագույն հաշվով պարտվել է Շվեյցարիային: Խմբային փուլի վերջին տուրում հուլիսի 19-ին կկայանան Ֆրանսիա - Շվեյցարիա եւ Ռումինա - Ալբանիա դիմակայություններ:

Եվրո-2016, երկրորդ տուր

A խումբ

Ֆրանսիա - Ալբանիա՝ 2:0  

Անտուան Գրիզման, 90, Դիմիտրի Պայետ, 90+6

Ֆրանսիա. Հուգո Լյորիս, Բակարի Սանյա, Լորան Կոսելնի, Ադիլ Ռամի, Պատրիս Էվրա, Ն՛Գոլո Կանտե, Բլեզ Մատյուիդի, Կինգսլի Կոման (Անտուան Գրիզման, 68), Անտոնի Մարտիալ (Պոլ Պոգբա, 46), Դիմիտրի Պայետ, Օլիվյե Ժիրու (Պյեր-Անդրե Ժինյակ, 77):

Ալբանիա. Էտրիտ Բերիշա, Էլսեիդ Հյուսայ, Անդի Լիլա (Օդիսե Ռոշի, 71), Մեգրիմ Մավրայ, Էրմիր Լենյանի, Անսի Ագոլի, Արլինդ Այեթի (Ֆրեդերիկ Վեսելի, 85), Բուրիմ Կուկելի (Տուալանտ Ջակա, 74), Ամիր Աբրաշի, Լեդիան Մեմուշայ, Արմանդո Սադիկու:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով